26/05/2016 16:08
ԱԳ նախարար. ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրին առնչվող հաջորդ քայլերը կապված են ապագա զարգացումներից
Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրին առնչվող հաջորդ քայլերը կապված են ապագա զարգացումներից, հայտարարել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
«Այս պահին ես սա կարող եմ ասել՝ մշակման փուլում, բայց դրա հետ կապված հաջորդ քայլերը կապված կլինեն ապագա զարգացումներից եւ համապատասխան գործոններից: Այսքանը, ինչ-որ ես այսօր կարող եմ ասել», - հայտնել է Էդվարդ Նալբանդյանը:
Ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
«Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, եւ մենք նաեւ ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետեւ ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»,-հայտարարել է Ս.Սարգսյանը:
Որոշ քաղաքական գործիչների բնորոշմամբ, այդ պայմանագիրն, ըստ էության, Ղարաբաղի անկախության ճանաչման «կես քայլ է»: