26/05/2016 20:33
Առաջին նվերները տղաս ստացել է երգչուհի Էմմիից. ծնվել է Վրեժ Կիրակոսյանի առաջնեկը
Երգիչ, «X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանն, ով ամուսնացել է նախորդ տարվա օգոստոս ամսին, արդեն հայր է դարձել: Երգչի որդին լույս աշխարհ է եկել մայիսի 25-ին՝ Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը:
«Փոքրիկս ծնվել է երեկ երեկոյան՝ ժամը 22:30-ին: Գիշերը նրան արդեն տեսել եմ, լավ, առողջ, 3 կգ 400 գրամ կշռով ու 54 սմ հասակով բալիկ է, ամեն ինչ լավ է՝ Փառք Աստծո»,- Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հուզված հայրիկը:
Նա անդրանիկ որդուն հայրիկի անունով է կոչելու՝ Ցոլակ: Նորաթուխ հայրիկը երեկվանից փորձում է ընկալել այն, ինչը կատարվում է իր ներսում և իր շուրջը: «Դեռ չեմ հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում, մի անհասկանալի զգացողություն է»,-խոստովանեց նա:
Առաջնեկի ծնունդը նորաթուխ մայրիկի համար մի փոքր դժվար է եղել: «Կինս շատ ծանր տարավ, վերակենդանացման բաժանմունքում էր, առավոտյան են տեղափոխել հիվանդասենյակ»,- ասաց նա:
Ի դեպ, երիտասարդ ծնողները հղիության առաջին իսկ ամիսներից պատրաստվել են ընտանիքի նոր անդամին դիմավորելուն: Նվերների առումով էլ փոքրիկ Ցոլակը բողոքել չի կարող: «Մենք ամեն ինչով պատրաստվել ենք նրան դիմավորելուն: Շատ նվերներ է ստացել նաև իմ ընկերներից: Ի դեպ, իր առաջին նվերները տղաս ստացել է երգչուհի Էմմիից, ով իմ շատ լավ ընկերն է: Երբ Հայաստան էր եկել, շատ սիրուն շորիկներ էր նվեր բերել»,- նշեց նա:
Փոքրիկն ու մայրիկը տանը կլինեն երկու կամ երեք օրից: Հարցին, թե արդյոք ընտանիքը կհետևի ավանդական քառասնօրյայի խորհրդին, մեր զրուցակիցը ժպտալով ընդգծեց. «Ես նման բաների չեմ հավատում, բայց դա թող կանայք որոշեն, իրենց գործն է»:
Սովորության համաձայն յուրաքանչյուր բալիկի ծնվելուց հետո ամուսիններն իրենց կանանց համար հաճելի ու հիշվող անակնկալ են պատրաստում: «Ճիշտն ասած՝ այդ ուղղությամբ մտածում եմ, բայց դրա վրա այնքան էլ չեմ կենտրոնացել: Ի վերջո, մեր՝ երկուսիս ամենամեծ նվերը մեր բալիկն է, նրանից լավ նվեր աշխարհում, երևի թե, գոյություն չունի: Նա մեր համատեղ կյանքի առաջին հրաշքն է»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վրեժ Կիրակոսյանը:
Սիրով շնորհավորում ենք երջանիկ ծնողներին, մայրիկին ու փոքրիկին էլ ցանկանում առողջություն: