27/05/2016 17:40
Քիսլեր. Ղարաբաղյան կարգավորման հարցում Գերմանիան կարող է կարևոր դեր ունենալ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Գերմանիան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր կարող է առանձնահատուկ դեր ունենալ, հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Մինչև տարեվերջ Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, ուստի Գերմանիան հակամարտության կարգավորման հարցում կարող է առանձնահատուկ և կարևոր դեր խաղալ», - ասաց Մ.Քիսլերը Գերմանիայի դեսպանատանը «Բաց դռների օրվա» շրջանակում կազմակերպված միջոցառմանը:
Նա ընդգծեց, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը անձամբ մեծապես շահագրգիռ է հակամարտության կարգավորման համար:
«Նա պատրաստակամ է իր անձնական ջանքերն ուղղել այս հարցի լուծման համար և անում է հնարավոր ամեն ինչ դրա համար», - նշեց Գերմանիայի դեսպանը:
Գերմանացի պաշտոնյան նկատեց, որ նախքան Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտը մեծ ցանկություն ունի տեսնել, որ ԼՂՀ հակամարտությունը կարգավորվել է:
«Մինչև այստեղից գնալս, ուզում եմ տեսնել ոչ միայն հրադադարի պահպանման փաստը, այլ նաև հակամարտության կարգավորումը, ինչը նպաստավոր կլինի բոլոր կողմերի համար», - ասաց Մ.Քիսլերը:
Նա, սակայն, հրաժարվեց խոսել հունիսին ԼՂ կարգավորման հարցով բարձր մակարդակով հավանական հանդիպման մասին: