27/05/2016 19:30
Հաջորդ օրը բոլորն իմ մասին էին խոսում. Ալեքսանդր Բաբասյանի դպրոցական հիշողություններն ու սիրո խոստովանությունները
Ուրախության բերկրանքն ու կարոտի արցունքն ամեն տարի մայիսի վերջերին միաձուլվում են՝ դպրոցական վերջին զանգի ղողանջներով բարի ճանապարհ մաղթելով պատանիներին: Aysor.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների ավարտական հիշողություններն ու դպրոցական կյանքի լավագույն դրվագները:
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը դպրոցին հրաժեշտ է տվել 1999 թվականին: Մինչև 8-րդ դասարանը սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, այնուհետև՝ «Նեյրոն» բժշկական վարժարանում:
«Եթե չեմ սխալվում, իմ վերջին զանգը մայիսի 25-ին էր: Հիշողություններս բավական վառ են, քանի որ ունեցել եմ երկու դպրոց, երկու դասարան, երկու վերջին զանգ և երկու ավարտական երեկո», - մեզ հետ զրույցում նշեց դերասանը:
Էկրաններից աղջիկներին միշտ գրավող Ա. Բաբասյանը դպրոցում էլ եղել է ուշադրության կենտրոնում, բայց դպրոցական սեր չի ունեցել: «Դպրոցական տարիքում սեր չեմ ունեցել, բայց մանկական սերը մեր դպրոցի երկու աղջիկների ստիպեց, որ իմ նկատմամբ ունեցած սիրո պատճառով ինձ հետ դպրոցից տեղափոխվեն վարժարան: Հիշում եմ, դասընկերներս իրենք էին գնում, դասարանների դռները բացում, աղջիկներին նայում, իսկ իմ դեպքում հակառակն էր՝ տարբեր դասարանների աղջիկներ գալիս էին ինձ տեսնելու: Շատ առաջարկություններ եմ ստացել աղջիկներից: Հաճախ դասընկերներս ու դասընկերուհիներս կանչում ասում էին՝ տես՝ այս կամ այն դասարանում ինչ է կատարվում: Տեսնում էի՝ երկու աղջիկներ միմյանց հետ վիճաբանում էին ինձ համար, տղամարդավարի կռվում, իրար «մազ պոկում», թե՝ միևնույն է՝ Ալեքսանդրն իմն է լինելու», - ծիծաղելով վերհիշում է երիտասարդ դերասանը:
Լինելով լեզվաբանների ընտանիքից, որտեղ ուսմանը առաջնային տեղ է տրվել, նա էլ սովորելու նկատմամբ մեծ սեր է ունեցել: Իհարկե, բոլոր երախաների պես առանձնացրել է սիրած առարկան ու սիրելի ուսուցչին: «Չկա մի առարկա, որը բոլորովին չեմ սիրել: Բայց ինձ համար առանձնացրած առարկաներ և ուսուցիչներ էլ եմ ունեցել. շատ եմ սիրել իմ առաջին ուսուցչուհուն՝ տիկին Անահիտ Հակոբյանին, ով, ի դեպ, գրող-հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանի կինն է: Նա բավական մեծ ներդրում է ունեցել իմ գրագիտության մեջ: Դպրոցում բաց դասեր էր կազմակերպում, ու մենք Մանկական կտակարանի 1-ից 6-րդ գլուխները բաց դասի տեսքով ներկայացնում էինք, այն էլ, երբ ընդամենը 2-րդ դասարանի երեխաներ էինք: Չեմ կարող չառանձնացնել պատմությանս ուսուցչուհի տիկին Աստղիկ Սահակյանին, ով երգիծաբան, հրապարակախոս, բանաստեղծ Արամայիս Սահակյանի կինն է: Գիտեք, երբ ուսանողները գալիս էին մեզ մոտ փորձաշրջանի, նստում էին աշակերտական նստարանների մոտ ու դասը ես էի անցկացնում: Տիկին Սահակյանը միշտ ոգևորվում էր դրանից ու ինձ էլ ոգևորում», - մտաբերեց մեր զրուցակիցը:
Ասում են՝ ամենաամուր ընկերությունը դպրոցական ու բանակային ընկերությունն է: «Համադասարանցիներիս հետ կապը պահպանվում է: Նրանց մեջ և՛ հիմնական ընկերներ ունեմ, և՛ մարդիկ, որոնց հետ թեև ընկերություն չենք անում, բայց շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Չկա մեկը, ում հետ գժտված եմ: Բոլորին սիրում ու կարոտում եմ», - ընդգծեց նա:
Ալ. Բաբասյանն, ինչ խոսք, չարաճճի աշակերտների շարքին է դասվել, բայց լավ սովորելն ու դպրոցում մայրիկի ներկայությունը նրան «փրկել» են: «Իհարկե, չարաճճիների շարքին եմ դասվել, միշտ հայտնվել եմ փոքրիկ վիճաբանությունների, կռիվների մեջ, քանի որ իմ տեսակով շատ աշխույժ եմ ու շփվող: Նաև լիդեր եմ ու սիրում եմ ամենուր լինել առաջինը: Քանի որ մայրս դասավանդում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էի, նաև՝ հետագայում այն նույն քոլեջում, որտեղ տեղափոխվեցի՝ ստացվեց այնպես, որ չարաճճիություններիս համար ինձ շատ խիստ չէին պատժում: Երևի պատճառը և՛ մորս նկատմամբ հարգանքն էր, և՛ այն հանգամանքը, որ մինչև 10-րդ դասարան գերազանցիկ եմ եղել: Բայց դասընկերներ եմ ունեցել, որ «խելոք չմնալու» պատճառով հեռացվել են դպրոցից», - խոստովանեց դերասանը:
Չնայած՝ մեծ սեր ունի ֆուտբոլի հանդեպ ու միշտ երազել է նաև ֆուտբոլիստ դառնալ, սակայն դպրոցական տարիների ամենամեծ երազանքը վիրաբույժ դառնալն էր: Ժամանակի ընթացքում հասկացավ՝ դա իր կոչումը չէ:
Դպրոցական ավարտական երեկոն այս կամ այն դրվագով միշտ հիշարժան է դառնում ներկաների համար: «Մինչև 25 տարեկան դառնալս ես բոլորովին չեմ օգտագործել ալկոհոլ, քանի որ ֆուտբոլով էի զբաղվում ու երազում էի դառնալ շատ հայտնի այդ բնագավառում: Բայց քանի որ Հայաստանում պայմաններն այդ ժամանակ սուղ էին, որոշեցի հրաժարվել այդ երազանքից… Ավարտական երեկոյին դասընկերներս ստիպեցին, որ պետք է խմեմ, ու սկսվեց զավեշտալին… Հաջորդ օրը բոլորն իմ մասին էին խոսում», - Aysor.am-ի հետ զրույցը ծիծաղելով եզրափակեց դերասան Ալեքսանդր Բաբասյանը: