27/05/2016 20:40
Ես կենսաբանությունը շատ էի սիրում, բայց ուսուցչուհուն տանել չէի կարողանում. Լիկա Սալմանյան
Վերջին զանգն այսօր Հայաստանի դպրոցների շուրջ 25 հազար աշակերտների համար հնչեց վերջին անգամ: Նորաթուխ շրջանավարտները դեռ չեն զգում, որ դպրոցական տարիների կարոտը նրանց ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում:
Հայ հայտնիները Aysor.am-ի հետ զրույցում շարունակում են մտաբերել իրենց պատանեկությունն ու դպրոցական խենթությունները:
Դերասանուհի Լիկա Սալմանյանը Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցն ավարտել է 2010 թվականին:
«Ցավոք՝ «Վերջին զանգ» չեմ ունեցել, քանի որ այդ ժամանակ պետք է ընտրեի կամ ավագ դպրոցը, կամ քոլեջը: Ես նախընտրեցի այդ տարիներն օգտագործել՝ սովորելով իմ սիրած մասնագիտությունը: Միայն ավարտական երեկոյին եմ մասնակցել», - մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ դերասանուհին:
Մեր զրուցակիցը խոստովանեց՝ չնայած, որ իրեն սիրահարված տղաները շատ էին՝ դպրոցական սեր չի ունեցել:
Անդրադառնալով ուսուցիչներին և սիրած առարկաներին՝ Լ. Սալմանյանն ընդգծեց. «Շատ եմ սիրել գրականություն և կենսաբանություն առարկաները: Գրականությանս ուսուցչուհին՝ ընկեր Մեսրոպյանը, նաև իմ դասղեկն էր: Նրան շատ եմ սիրել ու մինչև հիմա էլ իր հետ կապը պահպանում եմ: Ճիշտ է, ասում են՝ աշակերտները որ ուսուցչուհուն չեն սիրում, նրա դասավանդած առարկան չեն սովորում: Ես կենսաբանությունը շատ էի սիրում, բայց ուսուցչուհուն տանել չէի կարողանում ու միշտ խնդիրներ էինք ունենում», - ժպիտով հիշեց նա:
Դասընկերներից շատերի հետ մտերմությունը մինչ այսօր էլ պահպանվում է: «Կարելի է ասել՝ դպրոցական տարիներին ում հետ մտերիմ եմ եղել, մինչ այսօր էլ նույն մտերմությունը պահպանվել է: Երևի մանկուց ձևավորված բնավորություն է՝ ընկերներ ընտրում և պահպանում եմ ողջ կյանքի համար», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լիկա Սալմանյանը: