27/05/2016 15:07
Շատ կուլտուրական, միջակ գնահատականներով և աչքի չընկնող անհետաքրքիր աշակերտ էի. «Արմքոմեդիի» Սերգեյ Սարգսյանի դպրոցական հուշերից
Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության շուրջ 1400 դպրոցի 25 հազար շրջանավարտ վերջին անգամ կբարձրանա դպրոցական բեմ ու վերջին զանգի ղողանջներով կուղևորվի նոր կյանք՝ մեծերի աշխարհ: Aysor.am-ը, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, օրվան համահունչ կներկայացնի հայ հայտնիների դպրոցական տարիների հուշերն ու նրանց «Վերջին զանգի» տպավորությունները:
ATV հեռուստաընկերության «Արմքոմեդի» հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանն ավարտել է Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցը: Թե ո՞ր թվականին, հաղորդավարն այնքան էլ լավ չի հիշում:
«Կարծեմ 1997 կամ 1998 թվականին եմ ավարտել, անընդհատ խառնում եմ: Ճիշտն ասած՝ շատ քիչ բան եմ հիշում այդ օրվանից: Միայն կասեմ, որ մեր համերգը Կինոյի տանն էր, որից հետո էրեբունի հյուրանոցում դիսկոտեկ կազմակերպեցինք ու նշեցինք»,-վերհիշեց հաղորդավարը:
Հարցին, թե արդյոք նրա դեպքում ևս դպրոցական տարիների հիշողությունները կապվում են առաջին սիրո, հրապուրանքի կամ հիասթափության հետ, ժպիտով պատասխանեց. «Այդ տարիներն ինձ համար միայն դիտարկումների և ինֆորմացիայի արխիվացման ժամանակներն էին»:
Սովորաբար, աշակերտները նախընտրում և սիրով են սերտում այն առարկաները, որոնք դասավանդող ուսուցիչներն իրենց «սրտով» են, հակառակ դեպքում, առարկան տուժում է: Ի դեպ, էկրաններից երևացող ակտիվ երիտասարդին, հավանաբար, շատերը չարաճճի աշակերտների թվին կդասեն: «Սիրել եմ պատմություն, անգլերեն, ռուսերեն, աշխարհագրություն ու կենսաբանություն: Եթե տոկոսային հարաբերությամբ խոսենք, ապա վստահորեն կարող եմ ասել՝ յուրաքանչյուր առարկայի հաջողության 50%-ը ուսուցիչն էր, ուսուցիչների 30%-ը ինձ ոգեշնչում էին: Ասեմ, որ շատ կուլտուրական, միջակ գնահատականներով և աչքի չընկնող անհետաքրքիր աշակերտ էի»,-խոստովանեց Սերգեյը:
Թվերով խոսել նախընտրող հաղորդավարն ընդգծեց՝ դասարանի 45%-ի հետ կապը պահպանվում է, պարբերաբար շփվում են: Կարողացե՞լ է իրականություն դարձնել դպրոցական տարիներին ունեցած ամենամեծ երազանք, թե՞ ամեն ինչ առջևում է հարցին, մեր զրուցակիցը կատակով պատասխանեց. «Ամենամեծ երազանքս եղել է հետևանց սալտո անել սովորելը: Դեռ աշխատում եմ դրա վրա»:
Դպրոցական կյանքից, վերջին զանգից կամ ավարտական երեկոյից Սերգեյ Սարգսյանը զավեշտալի դեպքեր չհիշեց: «Զավեշտալի պատմություն չկա, քանի որ այդ ժամանակ դեռ ալկոհոլ չէի օգտագործում»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: