27/05/2016 13:26
Միակ բանն է այս աշխարհում, որն ինձ հաղթել է. Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, նշում է 56-ամյակը
Դերասան Վահագն Սիմոնյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչում է «Պոնչո» անունով, մի շարք գեղարվեստական ֆիլմերից և «Պահմտոցի» հեռուստածրագրից, երեկ նշում էր ծննդյան 56-րդ տարեդարձը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց, թե որտե՞ղ, ինչպե՞ս ու ի՞նչ միջավայրում է անցկացրել տոնական օրը:
«Իմ ծննդյան օրը ես երբեք չեմ նշում, քանի որ իմ կարծիքով դա հպարտություն է: Նման բաներից ես այնքան հեռու եմ, ինչքան Չինաստանը Հայաստանից՝ ոտքով: Ախր ես ո՞վ եմ, ի՞նչ եմ արել այս աշխարհում, որ ինձ մեծարեն: Այն, ինչ արվում է, Երկնայինն է անում՝ մեր միջոցով: Հենց որոշեմ այդ ամենն ինձ վերագրել, կկորչեմ, կկործանվեմ… Ամեն առավոտ, երբ մարդն արթնանում է՝ դա արդեն իր ծնունդն է: Չէ՞ որ ամեն լուսաբացի աշխարհում հազարավոր մարդիկ չեն արթնանում: Այնպես որ ամեն վայրկյան պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ մեզ օրական 86 հազար 400 վայրկյան կյանք է շնորհում: Աշխարհի մեծագույն չարիքն ապերախտությունն է, անշնորհակալ լինելը: Ես հարսանիքներին էլ նշանակություն չեմ տալիս: Այ, եթե մի լավ արու զավակ է ծնվում, հրաշալի է, կարելի է նշել»,-ասաց մեր զրուցակիցը:
Այս հանգամանքից ընտանիքի անդամները չեն սրտնեղում: «Իրենք չեն բողոքում, քանի որ իրենց բոլորի ծնունդները ես նշում եմ: Հասկանում եմ, որ ամեն մարդ ցանկանում է զգալ իր նշանակությունն այս կյանքում: Ինչ արած՝ ինձ մոտ հակառակն է: Այն ամենն, ինչից ես փախնում եմ, գլխիս է գալիս. միակ բանը, որ աշխարհում չեմ սիրում՝ արվեստն է, այն էլ դարձա արվեստի մարդ: Բայց գիտե՞ք, թե ինչու չեմ սիրում, որովհետև միակ բանն է այս աշխարհում, որն ինձ հաղթել է: Ա՜յ այդքան հզոր է ու կյանքս կերել է այդ արվեստը»,-ժպիտով անկեղծացավ Վ. Սիմոնյանը:
Այնուամենայնիվ, հոբելյարը գոնե շնորհավորանքներից խուսափել չի կարողացել: Վաղ առավոտից զանգահարել են ու մաղթանքներ հղել: «Իհարկե, ինձ շատ լավ եմ զգում այն մտքից, որ ես մենակ չեմ, մենակությունն այս աշխարհի ամենադառը զգացողությունն է: Օմար Խայամն ասել է՝ ով իր համար ընկերներ չի փնտրում, ինքն իր թշնամին է: Ես շատ եմ սիրում մարդկային շփումը»,-խոստովանեց նա
Ինքն էլ իրեն մաղթեց՝ ուզում է մնալ այնպիսին, ինչպիսին կա. «Չեմ ուզում որևէ բան ավելանա, կամ պակասի: Իմ կարծիքով՝ Աստված մարդկանց բաժանել է երկու մասի. 50 տոկոսն Աստծո տված լույսը տեսել, զգացել է, թե ինչ է, իսկ մյուս 50 տոկոսը խավարի մեջ է, չի տեսել: Ես ուզում եմ, որ այդ լույսը շատ լինի մարդկանց մեջ, չմրցակցեն, չփորձեն կայանալ մյուսների հաշվին, միմյանց չհոշոտեն: Չելենտանոն ասում է՝ ամենավտանգավոր գազանը մարդն է, նա մորթում է նույնիսկ այն ժամանակ, երբ սոված չէ»:
56 տարիների ամենամեծ կորուստը հայրիկին կորցնելն էր, ամենամեծ ձեռքբերումը՝ դժվարանում է հիշել: «Հայրիկիս 1994 թվականին եմ կորցրել ու մինչ այսօր չեմ հարմարվում այդ կորստի հետ: Ինչ վերաբերում է ամենամեծ ձեռքբերմանը, չունեմ: Աստված իմ ու բոլորի զավակներին պահապան՝ երկու որդի ունեմ, բայց դա իմ ձեռքբերումը չեմ հաշվում: Երեխա ունենալու համար խելք պետք չի: Հին հունացի մի իմաստունի հարցնում են՝ ինչի՞ց է, որ աշխարհում այսքան խնդիրներ կան, պատասխանում է՝ կախաղան հանել էր պետք այն առաջին մարդուն, ով արտաբերել է «Իմն է» արտահայտությունը: Մենք ունենալու համար չենք աշխարհ եկել, այլ՝ ստեղծելու համար: Հա, հիշեցի, մեկ ձեռքբերում ունեմ՝ ծաղիկներ եմ աճեցնում ու նվիրում մարդկանց: Այնպե՜ս են ուրախանում դրանից, որ ոգևորվում եմ: Հավատացեք՝ ինքս նվեր տալուց ավելի մեծ բավականություն եմ ստանում, քան երբ ինձ են նվերներ տալիս»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վահագն Սիմոնյանը: