28/05/2016 16:22
Հայերը ձեռք բերեցին հայրենիք, որտեղ էլ հայտարարեցին իրենց ապրելու և արարելու իրավունքը. Ռուբեն Բաբայան
Հայկական զորքերը Սարդարապատում, հաղթանակ տանելով թուրքական մեծաքանակ բանակի դեմ, կասեցրեցին թշնամու ներխուժումն Անդրկովկաս ու փրկեցին Հայաստանը ոչնչացումից: Արդյունքում՝ 1918 թվականի մայիսի 28-ին առաջին անգամ Հայաստանը դարձավ անկախ Հանրապետություն:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ռեժիսոր-բեմադրիչ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի հետ՝ հետաքրքրվելով, թե այսօր որքանո՞վ է պահպանվում օրվա խորհուրդը:
«Նախ, շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության կապակցությամբ: Այս օրը կարևոր է նրանով, որ ստեղծվեց Հայոց պետականությունը: Հայերը ձեռք բերեցին հայրենիք, այդ հայրենիքում հայտարարեցին իրենց ապրելու և արարելու իրավունքը: Մի խոսքով՝ եղավ ամենակարևորը, ինչի մասին, կարծում եմ, երազում են բոլոր ազգերը՝ ձևավորվեց պետություն: Ըստ իս, յուրաքանչյուր ազգի պատմության ընթացքում գոնե մեկ անգամ նման հնարավորություն ընձեռվում է: Այլ բան, թե ով ինչպես է այդ հնարավորությունն օգտագործում»,-ասաց ռեժիսորը:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը թեև երկարակեցությամբ աչքի չընկավ՝ ընդամենը երկու տարի, բայց կարևորն այն դասերն ու խորհուրդն էր, որ փոխանցվեց սերունդներին: «Կարևորը ժամկետը չէ, այլ այն խորհուրդը, որն առաջանում է: Ի վերջո, բացասական օրինակն էլ ուուցողական է, դրանից էլ կարելի է որոշակի դասեր քաղել, որպեսզի չկրկնվեն այն սխալները, որոնք թույլ են տրվել այն ժամանակ: Շատ դժվար է այսօր վերլուծել այն, ինչ կատարվել է մոտ 100 տարի առաջ: Կարծում եմ՝ ամենամեծ խորհուրդը, որը կրում է իր մեջ մայիսի 28-ը, անկախ պետության ստեղծումն է: Այս տոնն առաջին հերթին մեզ պետք է որպես անկախ պետության տոն: Երբ մենք այն կապում ենք միայն ու միայն Առաջին Հանրապետության հետ՝ միանգամից հիշում ենք ողբերգական ժամանակներն ու վիճակը: Բայց չէ՞ որ այդ թվականներին ստեղծվեց Հայոց պետականությունը, Հայոց բանակը, համալսարանը, այն ամենն, ինչ անհրաժեշտ է անկախ պետությանը»,-ընդգծեց նա:
Մայիսի 28-ը մեզ համար միայն Առաջին Հանրապետության ստեղծման տոն չէ. հենց 1918 թվականին Երևանը ձեռք բերեց մայրաքաղաքի կարգավիճակ: «Դա անկախ պետության վերականգնման գաղափար էր, ինչպես եռագույն դրոշը, զինանշանը: Սրանք Առաջին Հանրապետության հետ կապված էին այնքանով, որքանով իրենց մեջ կրում էին անկախ Հայաստանի գաղափարը: Այս տոնը մշտապե պետք է այսպես ընկալել, ու փառք Աստծո, որ տոնն այսօր էլ դեռ կա ու հիշվում է»:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ հանրապետությունը, որն արդեն գրեթե 25 տարեկան է: Կարողանո՞ւմ ենք այսօր խուսափել այն սխալներից, որոնք կարող են հանգեցնել պետականության կորստին: «Կարծում եմ՝ այսօր մենք նոր սխալներ ենք գործում: Միգուցե Առաջին Հանրապետության նկատմամբ որոշակի առավելություն կա, որովհետև ծնվել ու դաստիարակվել է արդեն մի սերունդ, որն անկախ պետության քաղաքացի է: Որքան էլ թերի լինի մեր երկիրն իր անկախության բաղադրիչներով, միևնույն է՝ անկախության գաղափարը հնարավոր չէ հանել մարդկանց միջից, առավել ևս՝ երիտասարդ սերնդից: Գիտեք, ես տանել չեմ կարողանում, երբ ասում են՝ երիտասարդությունը մեր ապագան է: Իմ համոզմամբ՝ երիտասարդությունը մեր ներկան է, նրան պետք է թույլ տալ գործել: Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: Որքան էլ դառը լինի խոստովանել, բայց իմ սերնդակիցներն այսօր հաճախակի սխալ որոշումներ են կայացնում՝ արգելափակելով երկրի առաջընթացը՝ դեպի անկախ ու ազատ պետություն: Գուցե դա նրանից է գալիս, որ մենք ծնվել ու դաստիարակվել ենք մեկ ընդհանուր երկրում՝ Սովետական Միությունում, ու երիտասարդությանն առնչվող նոստալգիկ հուշերը մեզ տեղափոխում են այնտեղ: Բայց միշտ պետք է հիշել Աստվածաշնչյան պատմությունը Մովսեսի մասին, ով առաջնորդեց հրեա ժողովրդին ստրկությունից դեպի հայրենիք, բայց խնդիր դրեց՝ մինչև չմահանա ստրկության մեջ ծնված վերջին մարդը, նոր, ավետյաց երկիր չենք մտնի: Նպատակն այն էր, որ նոր երկիր մտնեն արդեն ազատ ու անկախ մարդիկ: Այդ պատճառով ոտքով մեկ շաբաթվա ճանապարհը նրանք անցան 40 տարում»,-մեկնաբանեց Ռուբեն Բաբայանը:
Ազատ երկիր կարող են կառուցել միայն էությամբ ազատ մարդիկ: Այսօրվա հայ երիտասարդին այդ կարևոր առաքելությունը վստահել կարելի է: «Միանշանակ այդպես է, ապրիլյան պատերազմն էլ ապացուցեց, որ մեր երիտասարդներն արագ են կողմնորոշվում ու հրաշալի հասկանում են՝ ինչ է նշանակում հայրենիքը»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը: