30/05/2016 15:53
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հիշեցրել է Ադրբեջանի պատվիրակներին, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը հերքեց ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ալբանիայի խորհրդարանի ղեկավար Իլիր Մետան իր ելույթում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացրել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս:
«Դա որևէ կերպ չի առնչվում իրականության հետ: Ժողովի անբողջ ընթացքին ուշադրությամբ հետևել եմ և չեմ հիշում, որ նման արտահայտություն արված լինի», - ասաց Թ.Պողոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից:
Պատգամավորի փոխանցմամբ, ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությանը պարբերաբար հիշեցվել է, որ այն պետք չէ վերածել հայ-ադրբեջանական հարցի քննարկման վայր:
«Ադրբեջանցի պատվիրակը հարց տալու ժամանակ, սակայն, ասաց, թե ինչու՞ չեն խոսում Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Նրա հարցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը», - տեղեկացրեց Թ.Պողոսյանը: