30/05/2016 17:46
«Վերջին հայրիկն» ավարտվում է, իսկ «Աբելի քույրը»՝ փոփոխության ենթարկվում. Մանրամասնում է ստեղծագործական կազմը
ATV հեռուստաընկերությունը մարտ ամսից հեռուստադիտողի դատին է հանձնել «Աբելի քույրը» հեռուստասերիալը: Ամիսներ առաջ Aysor.am-ի հետ զրույցում դերասան-երգիչ Արամոն խոստովանեց, որ ինքը ևս ներառված է դերասանական կազմում. մարմնավորելու է գլխավոր հերոսների՝ Աբելի և իր քույրիկի հայրիկին:
Սակայն մինչ այսօր նկատելի է, որ Արամոն սերիալում ընդգրկված չէ:
«63-րդ սերիայում, որն էկրաններն կլինի չորեքշաբթի օրը, Արամոյին կտեսնեք: Ի սկզբանե մտածված կերպարը փոփոխություններ է կրել: Բոլորս միասին համաձայնության եկանք ու նպատակահարմար գտանք, որ Արամոն այլ կերպարով պետք է ներկայանա: Փակագծերը չեմ բացի, շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:
Ի դեպ, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև շշուկների մասին, թե նոր նախագիծ է պատրաստվում:
«Դեռ նոր նախագիծ չունենք, քանի որ զբաղվածությունը քիչ չէ: Միայն ասեմ, որ «Վերջին հայրիկ» սերիալի (սցենարիստ՝ Ան. Մխիթարյան հեղ.) վերջին սերիան էկրանին կլինի երեքշաբթի օրը: Իսկ նոր աշխատանքով հանդես կգանք, հավանաբար, սեպտեմբեր ամսին»,-ընդգծեց Ա. Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Աբելի քույրը» սերիալի պրոդյուսերական աշխատանքն ի սկզբանե վստահված էր Հրաչ Մուրադյանին: Արդյոք նրա գործառույթներն այսուհետ իրականացնելու է նոր ռեժիսորը և, ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված ստեղծագործական կազմի փոփոխությունը, Aysor.am-ը ճշտեց ATV հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Հասմիկ Մանուկյանից:
«Հրաչ Մուրադյանը շարունակում է իր գործունեությունը ATV-ի թիմում, հանդես է գալիս որպես մի շարք նախագծերի պրոդյուսեր: Այս անգամ էլ հանդես էր եկել որպես հեռուստասերիալի պրոդյուսեր՝ գործի դնելով հեռուստասերիալի շարժիչը, սակայն գերհագեցած զբաղվածության պատճառով որոշվել է մի փոքր թեթևացնել վերջինիս ծանրաբեռնվածությունը, քանի որ ոչ հեռու ապագայում սպասվում են նոր նախագծեր Հրաչի անմիջական մասնակցությամբ: Նշեմ, որ այս պահին էլ Հրաչը գտնվում է ԱՄՆ–ում՝ ATV–ի մեկ այլ նախագծի վրա տարվող աշխատանքների շրջանակում»,- ասաց նա:
Նոր նախագծի առումով էլ Հ. Մանուկյանը հաստատեց, որ նման աշխատանք կատարվում է, սակայն ինֆորմացիա տրամադրել դեռևս չեն կարող: «Դա թող մնա սեպտեմբերին… Բայց ասեմ, որ շուտով ամեն աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 11:00-ը ATV հեռուստաընկերությունը ևս կունենա առավոտյան ծրագիր»,- ասաց նա:
Այսօրվա տարածված ձևաչափին համահունչ՝ հաղորդավարները կլինեն դերասաններ՝ տղա և աղջիկ: