31/05/2016 19:04
Իրանցի նախարարը իր մտահոգությունն է արտահայտել ապրիլյան դեպքերի վերաբերյալ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի արդարադատության նախարար Մուսթաֆա Փուր Մոհամմադիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով նախարարի այցը Հայաստան՝ Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ երկու պետությունների միջև գործակցությունն օրեցօր բոլոր ոլորտներում ընդլայնվում և ՀՀ անկախության տարեգրության մեջ հայ-իրանական հարաբերություններում շոշափելի վերընթաց է նկատվում:
Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամլո դիվանից՝ Նորին Սրբությունը բարձր է գնահատել նաև Իրանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքը, ինչպես նաև հայոց սրբավայրերի ու եկեղեցական կառույցների նկատմամբ դրսևորվող առանձնահատուկ խնամքը:
Իր հերթին Իրանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման առիթով` կարևորելով միջպետական կապերի զորացումը և տարբեր ոլորտներում առկա սերտ գործակցությունը:
Անդրադարձ կատարելով ապրիլյան դեպքերին` Փուր Մոհամմադին իր մտահոգությունն է արտահայտել` վերահաստատելով Իրանի զորակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իրանի արդարադատության նախարարը քննարկել են մարդկության կյանքում ծառացած մարտահրավերները և այդ առումով արժևորել կրոնի դերակատարությունը արդի աշխարհում:
Փաստելով աշխարհում նկատվող` Աստծուց հեռանալու վտանգը և ծայրահեղականության ցավալի դրսևորումները, նախարարն ընդգծել է նաև կրոնների խաղաղ գոյակցության և այս ուղղությամբ ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը, որպեսզի աղետները դիմագրավվեն մարդկության կյանքում:
«Մարդկային կյանքի խնդիրները, ցավը և տառապանքը հուշում են, որ մարդ արարածը դադարել է ապրել Աստծու փառքի համար, շահը և ուժն են տիրապետող դարձել այսօր` վտանգավոր աստիճանի հասցնելով հոգևոր-բարոյական արժեքները»,- իր հերթին հավելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ի հեճուկս այդ կործանարար երևույթների` Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ բարեսեր մարդիկ իրենց նախանձախնդրությամբ պիտի կարողանան փոխել աշխարհի ընթացքը և խոչընդոտել չարի տարածմանը:
«Երկու ժողովուրդների համերաշխ գոյակցությունն ու ջերմ հարաբերությունները կարող են որպես ցանկալի օրինակ ծառայել ողջ աշխարհին` վկայելու, որ կրոնական տարբերությունները պատերազմի պատճառ չեն կարող հանդիսանալ»,- ընդգծել է Վեհափառ Հայրապետը:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են նաև հոգևոր կրթական ծրագրերի ու արդարադատության ոլորտում ձևավորվող գործակցության մասին: