31/05/2016 15:32
Ադրբեջանն այժմ պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի. Սամվել Բաբայան
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը ոչ մեկի «դաբրոյով» չի ապրել, ոչ մեկի «դաբրոյով» չի վերադարձել: Այս մասին ասել է Բաբայանը Սիվիլնեթ-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իր վերադարձին:
«Մարդիկ, ովքեր դրա մասին խոսում են, իրենք հենց «դաբրոյով» են ապրում, իրենց արշինով են չափում: Իրենք հոգեբանությամբ ստրուկ են, իրենց թվում է՝ բոլորն իրենց նման ստրուկներ են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ես «դաբրոյով» չեմ ապրում», - նշել է նա:
Հարցին՝ արդյոք Բաբայանի վերադառնալու պատճառը քառօյա պատերազմն էր, արդյոք Ադրբեջանի բլից-կրիկն արդյունավետ էր, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը չի համաձայնել այդ գնահատականների հետ, նշելով, որ կատարվածը ոչ պատերազմ էր, ոչ էլ՝ բլից-կրիկ: «Դա եղել է դիվերսիոն գործողություն, որտեղ հակառակորդը քայլեր է ձեռնարկել պատժիչ գործողություն կատարելու ու ստացել անսպասելի հաջողություն, որից հետո փորձել են հաջողությունն ամրապնդել: Երկու կորպուս ամրապնդվել է այդ դիրքերից, ինչից հետո մերոնք փորձել են նախահարձակման անցնել, վերականգնել կորցրած դիրքերը, որն ինչ-որ տեղ հաջողվել է, ինչ-որ տեղ անհաջող է եղել: Անհաջողության պատճառով հակառակորդը կիրառել է հրետանի», - շեշտել է Բաբայանը:
Անդրադառնալով կորցրած 800 հեկտար տարածքին՝ Սամվել Բաբայանն ավելացրել է. «Ես չգիտեմ, ով ա մետրով չափել՝ 800 ա, թե 1800…, բայց այդ դիրքերը երկակի ռազմավարական կետեր էին, որոնք ապահովում էին բնակչությանն ապրելու համար, հողերը: Դրանք Ղարաբաղի բնական սահմաններն էին, «բռան մեջ էին պահում: Մեկն ասում ա, թե էս հողերը ստրատեգիկ էին, մեկն ասում է, թե ստրատեգիկ չէին… Էդ մարդիկ չտեսած ի՞նչ են հասկանում: Չկան ոչ ստրատեգիկ դիրքեր, հատկապես, Մարտակերտում, բայց դա տրագեդիա չէ, պատերազմի ժամանակ կարող է հետ էլ գնան, պետք է դա մտածված լինի, ոչ թե անիմաստ կորցնենք: Սա է խնդիրը», - նշել է նա:
Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանն այժմ պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի: Նրա համոզմամբ՝ ադրբեջանական այդ քաղաքականությանն հակադրելու համար ռեսուրսներ են պետք: «200 միլիոն դոլարի վարկ է վերցնում, փորձում է գնել նույնատիպ Սմերչ, ՏՈՍ և այլն: Եթե իրոք դա են գնում, դա սխալ է, դա թյուրիմացություն է: Մենք չենք կարող բոլոր զենքերը, ինչ ունի Ադրբեջանը, գնենք, ասենք «око за око»՝ իրենք մեզ են խփում, մենք իրենց: Մենք չենք կարող այդքան արկ գնել, բերել Հայաստան, սկսենք ռմբակոծել իրենց, երբ իրենք բոլոր արկերի տեսակներն իրենց մոտ արտադրում են: Դուք պատկերացրեք՝ ամբողջը թափվի մեր քաղաքների, գյուղերի վրա: Հո նրանով չի, որ Բաքու թեյ խմենք: Կարաք թեյ խմեք, բայց վախում եմ՝ իրենք ավելի շուտ հասնեն Երևան թեյ խմելու: Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել, կոլխոզի նախագահի հայտարարություններ անել, ամոթ է, մարդիկ մեզ լսում են, մեր վրա խնդում», - ասել է նա:
Բաբայանն ընդգծել է նաև, որ իրավունք չունենք ասելու. «Զինվոր, գնա մեռի հանուն հայրենիքի»:
«Հայաստանը սեփական բոխչա չի, որ մոնոպոլիա անեն: Դա 3 միլիոն ժողովրդի անվտանգության խնդիր է ու 7 միլիոն ժողովրդի թասիբի հարց: Նրանք, ովքեր մտածում են, որ իրենց հարստությունը, երեխաները պատերազմից չեն տուժի, սխալվում են», - հայտարարել է Բաբայանը:
Նա նաև հավելել է, որ ինքը քաղաքականություն մտնելու հավակնություններ չունի, սակայն չի բացառել այդ հնարավորությունը, ասելով՝ եթե լինի մի ուժ, որին կհավանի, կարող է լինել օգտակար: