31/05/2016 17:18
Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան խաղաղ կարգավորումը հիմնված կլինի ԼՂ ժողովրդի՝ ինքնորոշվելու իրավունքի վրա
Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ», - նշել է Ս.Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն «առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա»:
«Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը», - ասել է Ս.Սարգսյանը: