31/05/2016 14:38
Ի՞նչ նպատակով է Արևիկ Ալավերդյանը ժամանել Հայաստան
Վերջին տարիներին Ֆրանսիայում բնակվող երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը մեկամյա բացակայությունից հետո կրկին Երևանում է: Հայաստան նրան բերել է ոչ միայն հանգստանալու նպատակը:
«Երկու օր առաջ եմ եկել: Շտապում էի, քանի որ պետք է ծանոթանայի քույրիկիս՝ Անուշիկ Ալավերդյանի նորածին բալիկի հետ: Ի ուրախություն ինձ՝ ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից էլ Երևան ժամանեց նաև եղբորս աղջիկը, որին ևս երբեք չէինք տեսել: Ի դեպ, նա հունիսի 1-ին կդառնա 4 տարեկան»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Ա. Ալավերդյան-Շահբազյանը Հայաստան ժամանել է միայնակ՝ մեկ ամսով, սակայն վստահեցրեց, որ մեկնելուց հետո կրկին կվերադառնա, բայց ամուսնու հետ ու երկար ժամանակով: Օդանավակայանում նրան դիմավորել են ծնողներն ու եղբոր դստրիկը: «Տանն էլ քույրիկս դիմավորեց իր բալիկի հետ: Գիտեք՝ դեռ երկու օր է, որ եկել եմ, բայց տանից դուրս գալ չեմ ցանկանում: Շատ եմ կարոտել մեր ընտանեկան առօրյան: Նաև՝ ընտանիքիս նոր անդամների հետ շատ հաճելի է ժամանակ անցկացնելը: Կարծում եմ՝ մինչև մեկնելս մի լավ կլիցքաթափվեմ:
Չնայած մեկ տարվա բացակայությանը՝ երգչուհին ընդգծեց, որ իր համար Երևանում ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել: Տպավորություն է, թե երբեք չի բացակայել: