31/05/2016 17:53
«Այս ճամպրուկը միշտ քեզ հետ տար և միշտ վերադարձիր ինձ մոտ». Միքայել Պողոսյանի ծննդյան անակնկալն ու ամենամեծ երազանքը
Հայկական կինոյի մեր ժամանակների ամենավառ անհատականություններից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ը շնորհավորելով սիրված արտիստին՝ հետաքրքրվեց՝ որտեղ և ինչ միջավայրում է պատրաստվում անցկացնել տոնական օրը:
«Օրս արդեն իսկ սկսել եմ եկեղեցում, այնուհետև այցելել եմ ծնողներիս շիրիմներին: Միշտ այս օրերին կամ պրեմիերա եմ ունենում, կամ՝ որևէ մրցանակի արժանանում: Այս անգամ, փաստորեն, պրեմիերայի տարի է. այսօր «Երկրաշարժ» ֆիլմի փակ դիտումն է լինելու, որից հետո օրվա մյուս կեսը կանցկացնեմ ընկերներիս շրջապատում, կվայելեմ նրանց ներկայությունը», - մեզ հետ զրույցում նշեց հոբելյարը:
Նա հիշեց, որ նախորդ տարի այս օրը Գանձասարում էր: Ի դեպ, եկեղեցի այցելելը նրա համար ոչ թե ծննդյան օրվա պարտադրանք է, այլ կյանքի ուղենիշ. «Եկեղեցին ինձ համար հանգստանալու հրաշալի վայր է, որտեղ կարելի է ձերբազատվել բոլոր սխալներից»:
Դերասանն աղմկոտ երեկոներ չի սիրում, նախընտրում է լինել համեստ, բայց մտերմիկ շրջապատում: «Ինձ համար ամենաջերմ, մտերիմ ընկերների կողքին լինելուց առավել մեծ նվեր չկա: Օրինակ, այսօր առավոտյան ընկերս զանգահարեց ու շնորհավորեց ինձ: Նա լուրջ վիրահատություն է տարել ու դրանից հետո առաջին բանը, որ արել է՝ ինձ զանգահարելն ու շնորհավորելն է: Դրանից մեծ նվեր կարո՞ղ է լինել: Առողջություն եմ ցանկանում ընկերոջս, առողջ սիրտ ունի, Փառք Աստծո», - ընդգծեց նա:
Ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյարին առաջին շնորհավորողը եղել է կրտսեր դուստրը, ով առանձնացել է նաև ինքնատիպ նվերով: «Աղջիկս նույնիսկ մեկ օր շուտ ինձ շնորհավորեց: Նրանից մի հրաշալի նվեր ստացա, ինչպիսին իմ կենսագրության մեջ դեռևս չեմ ունեցել. մեծ ճամպրուկ է սարքել, մեջը ծաղիկներ տնկել ու հետևյալ գրառումը կատարել. «Այս ճամպրուկը միշտ քեզ հետ տար և միշտ վերադարձիր ինձ մոտ»: Այն արդեն դարձել է տան ամենակարևոր զարդը», - ժպիտով պատմեց Միքայել Պողոսյանը:
Ամեն տարիք իր հետ բերում է նոր ձեռքբերումներ, ցավոք, հաճախ՝ նաև կորուստներ: Անդրադառնալով տարվա ձեռքբերումներին, ինչու ոչ, նաև կորուստներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Այս տարի այնքա՜ն կորուստներ ենք ունեցել… Այնքան եմ ցավում, որ շատ կարևոր, հարազատ, ինձ համար թանկ մարդիկ այլևս այս տարածության մեջ չեն: Ինչ վերաբերում է ձեռքբերմանս, ապա լավ խումբ եմ հավաքել ու հնարավորություն ունեմ կրկին ստեղծագործելու. խաղարկային ֆիլմ եմ սկսել հայ և ռուս լավագույն ֆիլմարտադրողների միաբանությամբ: Փակագծերը մի փոքր ավելի ուշ կբացեմ, խոստանում եմ»:
Ի դեպ, մեկ շաբաթ առաջ ընկերներով հիմնեցին «Miaban» ֆոնդը, որի առաքելությանը ընթերցողը կարող է ծանոթանալ՝ այցելելով «miaban.am» հասցեով: «Այս կերպ Պարգև սրբազանի հետ նշեցինք մեր 50-ամյա ընկերությունը: Ֆոնդի միջոցները ծառայելու են միայն մշակութային նախագծերին. մենք ներկայացնում ենք նման պրոյեկտներ և մարդկանց առաջարկում ներդրումներ անել դրանց իրականություն դառնալու համար», - տեղեկացրեց դերասանը:
Ծննդյան տոնին բարեմաղթանքների պակաս ոչ-ոք չի զգում: Սակայն, յուրաքանչյուրս մեր ներսում մեր իսկ ցանկությունն ենք բարձրաձայնում՝ հույս ունենալով, որ այն իրականություն կդառնա: «Այս իրականությունը յուրաքանչյուրս յուրովի մեկնաբանելու, տեսնելու հնարավորություն ունենք: Ամեն մեկս մի բան է տեսնում… Ցանկանում եմ խաղաղ երկնքի տակ լավատեսորեն շրջապատիս նայել: Այն մարդիւկ, ովքեր ստեղծված են արարելու և պահպանելու մեր ինքնությունը, դեմքը՝ կայուն լինեն, չհուսահատվեն: Կարողանան անել այն, ինչի համար Աստված իրենց աշխարհ է բերել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ժողովրդական արտիստը: