01/06/2016 18:25
Համահայկական 7-րդ ամառային խաղերը կանցկացվեն Արցախում
Համահայկական 7-րդ ամառային խաղերը կանցկացվեն Արցախում, «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի այս առաջարիկն ընդունվել է մեծ ոգևորությամբ:
«Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման անկյունաքարը: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- հունիսի 1-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած գործադիր կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՀԿ ղեկավարը:
Ինչպես հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից, Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու կարևորության և անհրաժեշտության մասին ելույթներ են ունեցել Գործկոմի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (Լոս Անջելես, ԱՄՆ), Ստեփան Դերբեդրոսյանը (Բեյրութ, Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Երևան), Գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը (Բեյրութ, Լիբանան), Պողոս Քիշեանը (Մոնրեալ, Կանադա), Սեպուհ Պաղտոյեանը (Վիեննա, Ավստրիա), Ֆրիջ Շարոյանը (Հալեպ, Սիրիա), Հարություն Թահմազյանը (Նիկոսիա, Կիպրոս), Էդվարդ Բաբախանյանը (Թեհրան, Իրան), Պերճ Հալաճեանը (Ալեքսանդրիա, Եգիպտոս), Ավետիս Թոքաթլյանը (Բուենոս Այրես, Արգենտինա), Հարություն Հարությունյանը (Երևան), ՀԽՀԿ պատվավոր անդամներ Ալֆրեդ Հավանը (Թեհրան, Իրան), Վանիկ Պետրոյանը (Թեհրան, Իրան), Հրաչ Դեր-Սարքիսսյանը (Մոնրեալ, Կանադա):
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները:
Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության և անցել միաձայն:
«Կասկած անգամ չունեի, որ հարցն արժանանալու է Ձեր հավանությանը: Սա չափազանց պատվաբեր, համարձակ և պատմական որոշում է մեր ազգի համար: Դժվարություններ և խնդիրներ կլինեն, սակայն յուրաքանչյուր հարց ունի իր լուծումը»,- ամփոփելով նիստը հայտարարել է Իշխան Զաքարյանը:
ՀԽՀԿ գործկոմը որոշում է ընդունել նաև ՀԽՀԿ Գլխավոր Ասամբելան անցկացնել Արցախում` 2017թ. սեպտեմբերի 3-ին: