01/06/2016 15:31
Washington Post. Ադրբեջանը պատերազմով փորձեց հայկական կողմին փոխզիջումներ պարտադրել
Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի դասախոս, «Չճանաչված պետություններ» գրքի հեղինակ Նինա Կասպերսենը հոդված է հրապարակել ամերիկյան Washington Post-ում, որտեղ քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները:
Հեղինակը ենթադրում է, որ Ադրբեջանը, իր օգտին կարգավորման համար տարիներ ի վեր չիրականացված հույսեր փայփայելով, կանգնել է փաստի առջև. Բաքվի առավելապաշտական դիրքրոշումը պտուղներ չի տալիս:
«Ամբողջովին հստակ չէ, թե ինչը խթանեց ապրիլյան ռազմական գործողությունների մեկնարկը, բայց հավանական պատճառ կարող է լինել հայկական դիրքերի պաշտպանունակությունը ստուգելու Ադրբեջանի մարտավարությունը, որը իրենց ընկալմամբ կարող էր հայկական կողմի բանակցողներին ստիպել գնալու զիջումների», - գրում է Կասպերսենը:
Հեղինակը պնդում է, որ ներկայումս սեղանին դրված փաստաթուղթը անհնարին է դարձնում խաղաղ կարգավորումը երկու պատճառներով: Նախևառաջ, ներքին լսարանների համար դա ընդունելի չի լինի, և հետո կողմերը ցանկություն չունեն նորից կողք կողքի ապրելու:
Մեջբերելով գրեթե միշտ պրո-ադրբեջանական դիրքերից հանդես եկող փորձագետ Սվանտե Կորնելի աշխատությունը Ադրբեջանի քաղաքական համակարգի մասին՝ Կասպերսենը քննարկում է նաև կոնֆլիկտի ներքին քաղաքական կողմը՝ ցույց տալով մարդու իրավունքների և ժողովրդավարության առումով Հայաստանի և Ադրբեջանի շահեկան տարբերությունները:
«Արտաքին քաղաքականության փորձագետերը ընդհանուր առմամբ համարում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի ուժեղ առաջնորդ է, քան՝ նրա հայաստանցի գործընկերը: 2003-ին իշխանության գալուց հետո Ալիևը ուժեղացրել է իր դիրքերը և ոչնչացրել է երկրում ամբողջ ընդդիմադիր դաշտը: Բայցևայնպես, նա դժվարություններ կունենա մանևրելու հարցում, քանի դեռ նրա երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է գտնվում», - գրում է Կասպերսենը: