01/06/2016 09:36
ԼՂՀ-ից արձագանքում են Սամվել Բաբայանին. «Եթե թշնամին կորցրել է 30-ից ավելի տանկ, դա պատերազմ չի՞, դիվերսիոն գործողությու՞ն է». «Առավոտ»
«Իսկ ի՞նչ է դիվերսիոն գործողությունը, ի՞նչ չափանիշներով է ինքը որակում դա որպես դիվերսիոն գործողություն», - ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի հարց ուղղեց ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին, որը քառօրյա պատերազմը գնահատել էր որպես հակառակորդի պատժիչ դիվերսիոն գործողություն:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլորս պետք է առավելագույնն անենք, որ չշահարկվի այս հարցը. «Վերջապես մենք տվել ենք անդառնալի կորուստներ, և եթե ինչ-որ մեկը, կապ չունի՝ ով է, ես անձնական խնդիր որևէ մեկի հետ չունեմ, կյանքում որևէ մեկին անձնապես չեմ վիրավորել, նման հայտարարություն է անում, պետք է հարցնեք այդ մարդուն՝ ի՞նչ չափորոշիչներով եք այս կամ այն գործողությունը որակում պատերազմ կամ ահաբեկչություն: Եթե այստեղ հանդես են գալիս որպես քաղաքական գործիչ որոշ հայտեր ներկայացնելու՝ սա մեկ բան է, բայց եթե խոսում ենք որպես փորձագետ ու փորձում տալ նկարագիրը, թե ինչ է եղել, ինչ գործողություն է եղել, այստեղ պետք է ավելի հստակ չափանիշները որոշվեն: Եթե թշնամին կորցրել է 30-ից ավելի տանկ, դա պատերազմ չի՞, դիվերսիոն գործողությու՞ն է: Եթե նա կորցրել է Գրադ կայանք, երբ որ TOC-1 համակարգն է կորցրել, երբ տվել է 400-2.5 հազար զինվորի զոհ, դա դիվերսիոն գործողությու՞ն է»: