01/06/2016 16:41
Մյուս տարի այս օրը քո ձագուկի հետ լինես. Էմմա Ասատրյանի ամուսնու մաղթանքն ու իրականացած երազանքը
Թեև փոքրիկներն այն փխրուն էակներն են, որոնք պաշտպանվածության կարիք ունեն ողջ տարի, սակայն նրանց համար, որպես ամրագրված «պաշտպանական» օր, նշվում է հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Չեմ կարծում, թե ծնողները միայն այս օրն են երեխաներին պաշտպանում, բայց այն, որ ամռան առաջին օրը պարտադիր մանկական տոնակատարության է վերածվում, հաստատ է:
Շնորհավորելով բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին՝ Aysor.am-ը տոնին համահունչ ընթերցողին կներկայացնի հայ հատնիների մանկության հուշերն ու նրանց փոքրիկների հունիսմեկյան առօրյան:
Երգչուհի Էմմա Ասատրյանի և դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի առաջնեկը՝ Անրին, շուտով 3 ամսական կդառնա: Նորաթուխ մայրիկը մինչ այս ինքն էր արժանանում շնորհավորանքների, նախորդ տարվա հունիսմեկյան շնորհավորանքն ու բարեմաղթանքն էլ իրականություն դարձավ:
«Հունիսի 1-ը հատուկ օր է մեր ընտանիքի՝ իմ և ամուսնուս համար: Նա երեք տարի առաջ էլ այս օրն ինձ գրել էր ու շնորհավորել: Նախորդ տարի էլ՝ երկարատև դադարից և արտերկրում ունեցած համերգներից հետո, երբ հունիսի 1-ին երկուսս էլ վերադարձանք ու վերջապես հանդիպեցինք, ինձ շնորհավորեց ու ասաց՝ մյուս տարի այս օրը քո ձագուկի հետ լինես: Ես էլ ծիծաղելով արձագանքեցի, թե այդ ինչե՞ր է ասում, Առաջ Աստված… Ու Աստված կամեցավ՝ այս տարի երեքով ենք»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով հիշեց Է. Ասատրյանը:
Նորաթուխ ծնողներն այս օրն անպայման տոն կդարձնեն փոքրիկ Անրիի համար: «Անպայման կնշենք: Միասին կգնանք և՛ այգի, և՛ ընթրիքի: Շուտով որդուս հետ տանից դուրս եմ գալու՝ իրեն նվերներ գնելու համար: Երգող խաղալիք, նաև հագուստ ենք ուզում առնել, քանի որ շուտով պետք է մկրտվենք»,-տեղեկացրեց նա:
Չնայած որդին փոքր է, բայց իր շուրջը տիրող տրամադրություններից արդեն իսկ «գլուխ հանում» է: Նույնիսկ հասցրել է տոնական երեկոների մասնակցել: «Դեռևս կարող եմ փաստել, որ հանգիստ բալիկ է, իրեն դրսում շատ լավ է պահում: Տոնական առաջին միջոցառումը, որին մասնակցել է, պուճուրիկ եղբորս՝ Արթուրիկիս ծննդյան 5-րդ տարեդարձն էր, ով, ի դեպ, իր քեռին է (ժպտում է): Օրեր առաջ էլ հայրիկիս ծնունդին մասնակցեց: Նաև, յուրաքանչյուր ամիս նշում ենք իր ծննդյան օրը: Կարծում եմ՝ սիրում է ներկա լինել միջոցառումների»,-ընդգծեց երգչուհին:
Հուշերով վերադառնալով դեպի իր մանկություն՝ Է. Ասատրյանը խոստովանեց. «Հայրս ոչ մի ջանք չի խնայել, որ ունենամ անթերի, երջանիկ, վառ ու անհոգ մանկություն: Չնայած մորս մեծ կորստին՝ նա այնպես է գունավորել մանկությունս, որ ասելու չի: Նույնը կարող եմ ասել նաև հորական տատիկիս մասին, ով ինձ մեծացրել, ինձ համար և՛ տատիկ, և՛ մամա է եղել: Իհարկե, չեմ կարող չնշել իմ «դեդային»՝ մայրիկիս պապային, նաև՝ հորաքրոջս, ով մինչ օրս մայրիկի նման է ինձ համար»:
Հարցին, թե այսօրվա երեխաների առօրյան շա՞տ է տարբերվում իր մանկությունից, պատասխանեց. «Այո, շատ-շատ… Ես ամբողջ օրը բակում խաղացել եմ ընկերներիս հետ: Ավելի շատ էինք գնահատում ու փայփայում մեր ունեցածը, այսպես ասած, ամեն ինչի «ղադրը» գիտեինք: Չէ՞ որ այն ժամանակ այսքան խաղահրապարակներ, խաղալիքների տեսականի, IPad-ներ չկային, բայց մեր օրն ավելի հետաքրքրիր էր անցնում: Իհարկե, հիմա էլ ոչ բոլորն են բակից մեկուսացած, բայց՝ շատերն այդ կարգավիճակում են»:
Է. Ասատրյանի համոզմամբ՝ երեխային ժամանակ հատկացնելը ծնողի ամենակարևոր աշխատանքն է: Թեև, ժամանակները հոգսաշատ են, բայց չպետք է մոռանալ, որ փոքրիկները մեր ու մեր երկրի ապագան են: «Իմ կարծիքով՝ երեխաներն առավել պաշտպանված կլինեն, եթե ծնողները շատ զբաղվեն նրանցով, գրքեր կարդան, հաճախակի տանեն մեր Հայ Առաքելական եկեղեցի: Բալիկների համար շատ կարևոր է դաստիարակությունը, ճիշտ զբաղմունքը, շփումը, որպեսզի բացթողումներ չլինեն: Պսակադրությունից առաջ, երբ զրուցում էինք մեզ համար հարազատ դարձած Բագրատ սրբազանի հետ՝ ասաց. «Գիտեք, հաճախ առօրյա հոգսերը, աշխատանքը, փող աշխատելու ցանկությունն ու անընդմեջ զբաղվածությունը դառնում են միմյանցից հեռվանալու, չշփվելու պատճառ: Նույնիսկ իրար հետ հաց չուտելը կարող է դրան հանգեցնել: Միշտ փորձեք միասին նստել սեղանի շուրջ»,-խորհրդով կիսվեց նորաթուխ մայրիկը:
Երգչուհին ինչպես իր բալիկին ու իր իսկ խոսքով՝ փոքրիկ ապերիկին, այնպես էլ աշխարհի բոլոր երեխաներին մաղթեց առաջնահերթ ամուր առողջություն ու երջանկություն: «Թող խելացի լինեն, սիրված ու սիրելի մնան»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:
Ի դեպ, Ձեզ ենք ներկայացնում նաև փոքրիկ Անրիի առաջին լուսանկարները: