01/06/2016 18:00
Թող երբեք չհիվանդանան, երջանիկ մանկություն ունենան, շատ սիրեն ու շատ սիրված լինեն. Վահե Խանամիրյանը՝ հունիսի 1-ի ու մանկության հուշերի մասին
Յուրաքանչյուր ծնող անում է ամեն ինչ՝ իր փոքրիկին պաշտպանելու ու նրա օրը տոն դարձնելու նպատակով: Սակայն մեծ երկրագնդի փոքրիկ բնակիչներն ունեն նաև միայն ու միայն իրենց համար նշվող տոնը՝ հունիսի 1-ը:
Այսօր քաղաքամայր Երևանը մանկաշատ է, պուրակները՝ գունեղ ու ծիծաղկոտ: Aysor.am-ը շարունակում է հետևել հայ հայտնիների և նրանց փոքրիկների առօրյա անցուդարձին:
Հաղորդավարներ Վահե Խանամիրյանը և Լիլիթ Մուրադյանը, ովքեր ծնողներ են դարձել ընդամենը 3 ամիս առաջ, իրենց առաջնեկին՝ Անի-Անդրեային, պարբերաբար զբոսանքների են տանում:
«Քաղաքի գրեթե բոլոր այգիներն էլ շատ ենք սիրում ու նախընտրում ենք հաճախակի զբոսնել: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր փոքրիկը օրվա մեջ մի քանի ժամ մաքուր օդում անցկացնի»,-մեզ հետ զրույցում խոստովանեց նորաթուխ հայրիկը:
Երիտասարդ ամուսիններն իրենց դստրիկի հետ պատրաստվում են օրն անցկացնել հարազատների միջավայրում: Դրա համար նաև հատուկ առիթ ունեն: «Այսօր քրոջս աղջիկը՝ Էմիլիան, դառնում է 4 տարեկան, ու մենք գնալու ենք նրա տարեդարձին: Փոքրիկ ընտանեկան հավաք է լինելու, մեր օրն անցկացնելու ենք հարազատների շրջապատում»,-մանրամասնեց հաղորդավարը:
Սերունդները հաճախ չեն ընդունում այն, ինչ կատարվում է նոր ժամանակներում. քննարկում են, գտնում բացթողումներ ու անցկացնում համեմատություններ: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում, ամեն ժամանակաշրջան իր թելադրանքն ունի: «Բոլոր երեխաներն էլ ամենից շատ խաղալ են սիրում, յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր խաղն ու զբաղմունքը, հետաքրքրությունը: Անցյալն ու ներկան միշտ էլ տարբերվում են միմյանցից: Բայց կարևորն այն է, որ փոքրիկները բավականություն ստանան նրանից, ինչով զբաղվում են, և որ ամենագլխավորն է՝ խաղերն անվտանգ լինեն ու ուսուցողական»,-ընդգծեց նա:
Նորաթուխ հայրիկը մինչ այսօր էլ սիրով հիշում է իր մանկության բակային խաղերը, որոնք չնայած իրենց տարօրինակ անուններին՝ բարի էին ու հետաքրքիր: «Ես ամեն տեսակի խաղեր էլ սիրել ու խաղացել եմ՝ լինի բակային, անհատական, թե՛ խմբակային: Երկար ժամանակ բասկետբոլ, մեծ թենիս եմ պարապել: 3 տարեկանից մինչ այսօր հեծանիվ եմ վարում: Սիրածս խաղերն էին «Հավալան», «Բադերի որսորդը», «Անուն գոռոցին կամ պապի ետևից կարտոլ հավաքոցին», «7 քարն» ու «Էշ միլիցիան»,-ծիծաղելով ու կարոտով մտաբերեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով օրվա հրամայականին՝ Վահե Խանամիրյանը բոլոր փոքրիկներին, այդ թվում և իր դստրիկին, մաղթեց առողջություն: «Թող երբեք չհիվանդանան, երջանիկ մանկություն ունենան, շատ սիրեն ու շատ սիրված լինեն»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: