02/06/2016 17:32
Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած կամավորականներին կվճարվի զինվորական կենսաթոշակ
Զինվորական կենսաթոշակ կվճարվի զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած զինվորակններին ու կամավորականներին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ ի լրումն կենսաթոշակների՝ նրանց ևս կտրամադրվի պարգևավճար, որի չափը կորոշվի ըստ հաշմանդամության խմբերի: «Այդ գումարը կկազմի 55 հազար դրամ՝ ամսական՝ 1-ին խմբի հաշմանդամի համար, 2-րդ խմբի համար՝ 48 հազար դրամ, և 3-րդ խմբի համար՝ 36 հազար դրամի չափով», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ արտոնություններ ու երաշխիքներ են սահմանվել նաև պարտադիր ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար: «Ի լրումն կենսաթոշակների՝ նրանց կտրամադրվի 1-ին խմբի համար՝ 19 հազար, 2-րդ խմբի համար՝ 17 հազար, և 3-րդ խմբի՝ 15 հազար դրամ ամսական հավելավճարներ», - ասաց նա:
Ասատրյանը շեշտեց նաև, որ այն անձիք, ովքեր կամավոր քառաօրյա պատերազմին մեկնել են սահման և համապատասխանում են որևէ կատեգորիային, օգտվում են այդ բոլոր արտոնություններից ու աջակցությունից: