02/06/2016 14:53
Նրանք իմ ամենամեծ պարգևներն են. Երվանդ Ղազանչյանը նշում է ծննդյան 79 ամյակը
Հունիսի 2-ին դերասան, բեմադրիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը դարձավ 79 տարեկան: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում է տոնական օրն անցկացնելու սիրված արվեստագետը:
«Ասեմ, որ առավոտս սկսել եմ մեր շքամուտքը մաքրելով… Ինչ վերաբերում է տոնական տրամադրությանը, ապա կեսգիշերին՝ ուղիղ 24:00-ին, իմ նախորդ կուրսի երեխաները եկան ու մինչև գիշերվա 4:00-ը «զահլես» տարան: Այսօր էլ, կարծեք թե, իմ «սրիկաներն» ինչ-որ բաներ են նախագծում, կազմակերպում: Ենթադրում եմ, որ կամաց-կամաց հավաքվում են: Ծոռնուհուս ծնողական ժողովն է հիմա, վստահ եմ՝ հենց ավարտվի վազելով կգա»,-մեզ հետ զրույցում ժպիտով նշեց Ե. Ղազանչյանը:
Ժողովրդական արտիստի համար հաջորդ տարին հոբելյանական է լինելու, եկող 80-ից նա չի «վախենում». «Ինձ համար տարին, այդ թիվը ոչինչ չի նշանակում, ես դրանից չեմ վախենում ու ոչ էլ թաքցնում եմ տարիքս»:
Ստեղծագործական հարուստ ու հպարտ ճանապարհ անցած բեմադրիչն իր կյանքի գլխավոր ձեռքբերումն է համարում իր ընտանիքը: «Իմ գլխավոր ձեռքբերումն այն է, որ Գալյան (դերասանուհի Գալյա Նովենց, հեղ.) ինձ երկու հրաշալի որդի է պարգևել, ովքեր էլ իրենց հերթին՝ թոռնիկներ, հիմա էլ մեկ ծոռնիկ ունեմ: Նրանք իմ ամենամեծ պագևներն են: Ստեղծագործական կյանքում էլ ձեռքբերումներ ունեմ. իմ 100-ից ավելի բեմադրություններից գոնե 4-5-ը, կարծում եմ, մեծ ձեռքբերումներ են, մնացածի համար էլ երաշխավորում եմ՝ խայտառակ չեմ եղել»,-անկեղծացավ նա:
Ապագայի հետ կապված նպատակներն էլ քիչ չեն. «Այնքա՜ն պիեսներ, գործեր կան, որ շատ եմ սիրում, մտածել եմ դրանց ուղղությամբ, բայց երևի չեմ էլ բեմադրի: Չգիտեմ էլ՝ որևէ մեկին դրանք կհետաքրքրե՞ն, չէ՞ որ բավական ծախսատար, մեծ կտավի գործեր են, որոնց անդրադառնալը մի քիչ բարդ կլինի հիմա: Եթե ես էլ չանեմ, գուցե որոշ ժամանակ հետո որդիս՝ Հակո՞բն (Հակոբ Ղազանչյան, հեղ.) իրականացնի այդ ամենը»,-հույս հայտնեց բեմադրիչը:
Հոբելյարն այսօր մաղթանքների պակաս չի ունենա, բայց այն հարցին, թե ի՞նչ կմաղթեր անձամբ ինքն իրեն, նկատեց. «Կմաղթեմ, որ երբեք չկորցնեմ ներելու ընդունակությունս»:
Մեր օրերում հաճախ են խոսում այն մասին, որ արտիստներն արժանավույն գնահատված չեն պետության կողմից: Երվանդ Ղազանչյանի համար այդ բնորոշումն իրական չէ: «Իհարկե, ես ինձ գնահատված եմ զգում: Բայց ասեմ՝ պետք է չսպասես, որ քեզ գնահատեն, դու սուսուփուս քո գործն արա ու հավատա՝ չի կարող պատահել, որ քեզ չտեսնեն, չնկատեն»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ժողովրդական արտիստը: