02/06/2016 21:09
Չի կարելի մարշալին նստեցնել մի աթոռի վրա, որի ոտքերը կպած են գետնին. Հրանտ Թոխատյան
Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ արձանները եղել են ոչ միայն հայտնի մարդկանց հավերժացնելու միջոց, այլև՝ արտացոլել տվյալ ժամանակաշրջանում ազգերի և պետությունների ճարտարապետական և մշակութային մտքի մակարդակը: Ըստ այդմ, տասնամյակներ և հարյուրամյակներ անց սերունդները նաև դրանցով են պատկերացում կազմում նախնիների քաղաքակրթական զարգացվածության մասին:
Վերջին օրերին Հայաստանի սրտում՝ մայրաքաղաք Երևանում, միմյանց հաջորդելով վեր խոյացան նախորդ դարասկզբի ականավոր հայ գործիչների՝ մարշալ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի հուշարձանները, որոնք գրեթե հավանության չարժանացան:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, ով քաղաքից բացակայելու պատճառով թեև հուշարձանները չի տեսել, սակայն լուսանկարներով որոշակի կարծիք ձևավորել է:
«Մարշալ Բաբաջանյանի արձանն, իհարկե, խայտառակություն է: Լավ է, որ գոնե աչքից մի քիչ հեռու է գտնվում (արձանը տեղադրվել է Ավան վարչական շրջանում հեղ.): Նույնիսկ լուսանկարներից պարզ զգացվում է, որ արձանն անհամաչափ է, չի կարելի մարշալին նստեցնել մի աթոռի վրա, որի ոտքերը կպած են գետնին: Չեմ կարծում, որ գտնեք մեկին՝ բացի հեղինակից, ում այդ արձանը դուր կգա»,-նշեց դերասանը:
Ի դեպ, կապված այս փաստի հետ՝ օրեր առաջ քանդակագործը հեռուստաընկերություններից մեկով հայտարարեց, որ սա իր «ստեղծած հեքիաթն է», այդ աթոռն էլ Հիտլերի աթոռն է, որը, ըստ «հեքիթի»՝ Բեռլին մտնելով գրավել է Բաբաջանյանը:
«Գիտեք, ես էլ իմ հեքիաթներն ունեմ՝ կապված իմ քաղաքի հետ, բայց չեմ կարող դրանք «փաթաթել» ուրիշների «վզին»: Այն առնվազն կարող եմ իմ բակում տեղադրել, այնպիսի վայրում, որտեղ միայն իմ համախոհները կտեսնեն: Իսկ երբ քաղաքում է դրվում, ի՞նչ է՝ արձանի կողքին մարդ է կանգնելու, որ ամեն եկողին բացատրի՞ : Սա պատմություն չի, որը բոլորը գիտեն ու բացատրելու կարիք չունի: Ըստ իս՝ եթե մի արձան պահանջում է բացատրություն, նշանակում է՝ խնդիր ունի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի արձանին, դերասանը հստակ գնահատական տալ դժվարացավ. «Նա մի մարդ է, ում հայենասիրական ուսմունքի հիման վրա հատկապես վերջին 25 տարիներին սերունդ է մեծանում: Քանի որ արձանը մոտիկից չեմ տեսել, դժվարանում եմ ասել, թե որքանով է այն համապատասխան Նժդեհի կերպարին: Եթե Բաբաջանյանի արձանի մասին նույնիսկ նկարներով կարելի է կարծիք կազմել, ապա Նժդեհի արձանի դեպքում մի քիչ բարդ է: Վատ չէր լինի, որ Նժդեհի արձանը կանգնեցվեր Նժդեհի հրապարակում, բայց երևի ծախսատար է մի արձանը հանելն ու մյուսը տեղադրելը»:
Բոլոր ժամանակներում էլ այս կամ այն արձանը քննարկվել ու քննադատվել է, հազվադեպ է պատահել, որ առաջին հայացքից հուշակոթողը ընկալվել է: «Կան արձաններ, որոնք քաղաքն առաջին հայացքից չի ընդունել, բայց դրանք դարձել են մեր այսօրվա գլուխգործոցները: Օրինակ, Առնո Բաբաջանյանի արձանը շատ քննարկվեց, բայց ես առաջին իսկ օրից այդ արձանի ամենամեծ սիրահարներից էի: Կարող ենք մեր քաղաքի արձանների բազմակի օրինակներ բերել, որոնց սերունդների համար դաստիարակչական են եղել, անգամ, եթե այդ արձանների հերոսները ներկայացնում են բոլշևիկյան ներկայացուցիչների. Սուրեն Սպանդարյանի արձանը, ում մարդիկ հաճախ խառնում են Նժդեհի հետ, քանի որ տեղադրված է Նժդեհի հրապարակում, Սասունցի Դավթի արձանը, Ստեփան Շահումյանի, Մյասնիկյանի արձանը, որն, ի դեպ, շատ ավելի լավը կարող էր լինել, քանի որ այդ մարդու «ամակը» մեր երկրի, մայրաքաղաքի համար բավականին մեծ է: Հենց միայն այն փաստը, որ Սարյան, Սպենդիարով և Թամանյան է հրավիրել Հայաստան, գովելի է: Մենք ունենք «Նարդի խաղացողի» արձանը, որը շատ հաճելի է: Նմանատիպ արձաններ որքան շատ լինեն, այնքան լավ».-առանձնացրեց նա:
Հարստացնո՞ւմ, թե՞ ծանրաբեռնում են մայրաքաղաքը արձանները՝հարցին, Հ. Թոխատյանը պատասխանց. «Ես երբեք դեմ չեմ եղել արձանների տեղադրմանը, ընդհակառակը՝ միշտ կողմ եմ եղել: Եթե լավ արձաններ լինեն, թող օրական ոչ թե մեկը, այլ մի քանիսը բացվի: Հարցն այն է, թե որքանո՞վ են դրանք էսթետիկ այսօրվա մարդու քիմքին ու աչքին: Ուղղակի չգիտեմ, թե ո՞ւմ ճաշակով են արձաններն ընտրվում ու տեղադրվում: Այդ մարդկանց հետ պետք է խոսել ու հասկանալ՝ ի՞նչ էսթետիկական հայացքներով են մոտենում մեր քաղաքի արձաններին»:
Կան արձաններ, որոնք դաստիարակչական, ուսուցողական չեն, սակայն քաղաքի համար կոլորիտային ու տրամադրություն ստեղծող են: Ո՞ւմ արձանի ավելորդությունն ու ո՞ր արձանի պակասն է զգացվում Երևանում հարցին, ժողովրդական արտիստը պատասխանեց. «Ավելորդի մասին խոսելը մի քիչ հարաբերական է. գիտեք՝ ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում կա Հովհաննես Բաղրամյանի արձանը, բայց շատ դժգոհ եմ, որ նման տեսքով է: Ինձ դուր չի գալիս, քանի որ սա էլ անհամաչափ է: Որքա՜ն գեղեցիկ է «Տղամարդիկ» ֆիլմի արձանը, բայց գեղեցիկ չի նույն հեղինակի կողմից քանդակված «Դուդուկի» արձանը: Շատ կցանկանամ, որ մեր քաղաքում ժանրային արձաններ լինեն. Նկատե՞լ եք, սիրուն է Կամերային թատրոնի հարևանությամբ գտնվող ծառի արձանը: Ծառ, որը մեզ փրկեց 90-ականներին: Դեմ չէի լինի, որ սիգ կամ իշխան ձկան արձանը լիներ Ծովագյուղում: Չմոռանանք, որ այդ ձկան շնորհիվ նորից 90-ականներին շատ-շատերը փրկվեցին: Զարմանում եմ, որ չունենք «Սիրահարների» արձան: Ի դեպ, գիտեմ, որ հրաշալի մտահղացում կա՝ Ռոբերտ Սահակյանցի մուլտհերոսների արձանը տեղադրել Երևանում: Այս բոլոր ցանկություններն ու մտահղացումները լավն են, այլ բան է, թե ով և ինչ տեսքով է իրականացնելու»:
Արձաններ ձուլելը մեկ հարց է, դրանք պահպանելն ու խնամելը՝ մեկ այլ: Քաղաքը գեղեցկացնող մշակութային արժեքները ժամանակ առ ժամանակ վեր են ածվում գողոնի: «Պետք է կարողանանք եղածը պահպանել: Շատ եմ ափսոսում, երբ թեկուզ արձանիկները անհետանում են: Քանի՜-քանի՜ դեպք է գրանցվել Սայաթ-Նովայի փողոցում: Ես այն սերնդի ներկայացուցիչ եմ, ով շատ լավ հիշում է այդ փողոցի բացումը: Ամենագեղեցիկ փողոցն էր՝ ծառերով, ծաղիկներով ու արձանիկներով հարուստ: Իսկ հիմա այդ արձանիկների մեծ մասը չկա»,-Aysor.am-ի հետ զրույցն ավարտեց Հրանտ Թոխատյանը: