02/06/2016 11:44
Առավոտյան արթնացավ ու ասաց՝ ինձ շնորհավորեք, իմ տոնն է. Անդրանիկ Հարությունյանի և Մերի Հովհաննիսյանի դստեր ուրախությունը
Եթե նախկինում հունիսի 1-ին աշխույժ էին բակերն ու փողոցները, ապա այսօր այդ աշխուժությունը տեղափոխվել է մանկական այգիներ ու սրճարաններ: Ժամանակակից փոքրիկների թե՛ հետաքրքրություններն են փոխվել, թե՛ ժամանցի վայրերը:
Երևանի պետական Կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանն իրենց դստրիկին տոնից դեռ մի քանի օր շուտ են տրամադրել օրվա անցուդարձին: «Երեկ Անդոն իր ժամանակից մի փոքր տրամադրել էր Էլենին, ու բոլորի պես մենք էլ գնացինք Մանկական երկաթուղի: Աղջիկս շատ ուրախացավ, երբ նրան ասացի, որ բալիկների օրն է: Առավոտյան արթնացավ ու ասաց՝ ինձ շնորհավորեք, այսօր իմ տոնն է»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց երիտասարդ մայրիկը:
Հարցին, թե ունե՞ն քաղաքում իրենց սիրելի հանգստյան գոտին և ո՞ւմ հետ է առավել շատ սիրում օրն անցկացնել Էլենը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հաճախ մեզ հարազատ մանկական սրճարան ենք գնում: Հիմնականում, իմ ու տատիկի հետ է լինում, քանի որ հայրիկն աշխատում է»:
Նվերների հարցում Մ. Հովհաննիսյանը շատ չի անհանգստանում, գնելիս էլ նախընտրությունը հագուստի վրա է կանգ առնում: «Այնքան շատ խաղալիքներ ունի, որ գերադասում եմ հագուստ կամ անհրաժեշտ մի այլ բան գնել և ուրախացնել նրան: Թեև, սովորության համաձայն ինչ-որ մի խաղալիք նորից գնում եմ»,-խոստովանեց նա:
Ասում են՝ գեներն ամենազորեղն են: Մերի Հովհաննիսյանը դրանում համոզվել է դստրիկի օրինակով: Նույնիսկ մանկական քայլերն են նման: «Ինչպես Էլենն է իր իրերին ուշադիր, այդպես էլ ես էի: Հիշում եմ՝ մայրիկիս ընկերուհին մեր տուն հյուր էր եկել: Երբ պատրաստվում էր գնալ, իր պայուսակից շրթներկ հանեց ու շպարվեց, այնուհետև դրեց պայուսակը: Մայրս էլ ուներ այդ շրթներկից…Պատկերացնո՞ւմ եք՝ ես ինչ կանեմ այդ կնոջը. սկսեցի լացել, գոռալ, թե տուր, դա իմ մայրիկինն է: Հանգստացա միայն այն ժամանակ, երբ մայրս բերեց ու ցույց տվեց իր շրթներկը: Այդ կողմից ինձ շա՜տ նման է Էլենը»,-ծիծաղելով մտաբերեց մեր զրուցակիցը:
Այսօրյա փոքրիկների մանկությունը տարբերվում է մեր մանկությունից, ինչպես և մերը՝ մեր ծնողներից: «Շատ-շատ է տարբերվում. ես խաղացել եմ «Տուն-տունիկ», «Լյագուշկա», «Պահմտոցի», «Ռեզին», «Պարան», «Յոթ քար», «Հալամուլա», «Ֆուտբոլ», «Չինգաչունգ» ու նմանատիպ այլ շատ խաղեր: Բայց դրանք հիմա չկան, կարծես թե»,-տխրությամբ ընդգծեց նա:
Զրույցի վերջում Մերի Հովհաննիսյանը բոլոր մանուկներին հղեց ամենահնչած, բայց ամենակարևոր մաղթանքը: «Բոլոր փոքրիկներին մաղթում եմ ամենակարևորը՝ առողջություն: Թող կապույտ ու խաղաղ երկնքի տակ առողջ ու անհոգ մեծանան ու լինեն իրենց ծնողների կողքին: Շնորհավոր ՁԵՐ տոնը, հրաշքներ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց երջանիկ մայրիկը: