03/06/2016 23:03
Ադրբեջանում աղավաղել են Իրանի դեսպանի խոսքերը ԼՂ հակամարտության մասին. ԻԻՀ դեսպանություն
Հայաստանում Իրանի դեսպանատունը հերքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվում Իրանի դեսպանին վերագրված հայտարարությունը:
"Տեղեկացնում ենք, որ Բաքվում Իրանի դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Սույն դեսպանությունը ևս մեկ անգամ ընգծում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա", - ասված է Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Իրանի դեսպան Մոհսեն Փաքքաինը հայտարարել էր, թե Թեհրանը ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի կողքին է:
«Հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունի հիման վրա: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է ազդեն, որպեսզի ՄԱԿ ԱԽ բանաձևերի պահանջները կատարվեն», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ասել էր դեսպանը: