03/06/2016 18:21
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, Սյունյաց Օրբելյանների իշխանական տոհմից սերած ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային կից մանկական երաժշտական դպրոցում, իսկ որպես դաշնակահար դեբյուտով հանդես է եկել 11 տարեկանում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը:
1980-90 թթ. որպես վիրտուոզ դաշնակահար 750 համերգային ելույթներ է ունեցել մի շարք հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում։ Ամերիկյան հանրահայտ երաժիշտների հետ շրջագայել է ռուսական երաժշտական կենտրոններում և ռուս արտիստների հետ՝ Հյուսիսային Ամերիկայում:
Շոտլանդական թագավորական ազգային նվագախմբի և դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույն կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։
Դաշնակահարի փայլուն կարիերային զուգահեռ Կ. Օրբելյանը մեծ գործունեություն է ծավալել նաև օպերային արվեստում, հանդես գալով որպես դիրիժոր և գեղարվեստական ղեկավար: 1991-2009 թթ. եղել է Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2010 թ. ղեկավարել է Պ. Սլոբոդկինի թատերա-համերգային կենտրոնի կամերային նվագախումբը: 2013-ից համարվում է Վոլգոգրադի «Ցարիցինյան օպերա» պետական թատրոնի գլխավոր պրոդյուսերը, հրավիրյալ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2014-ից ղեկավարում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը:
Կ. Օրբելյանը հաճախ է համագործակցում աշխարհահռչակ այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են՝ Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Ռենե Ֆլեմինգը, Սոնդրո Ռադվանովսկին: Համագործակցության արդյունքն են «Դելոս» ֆիրմայի թողարկված երեք տասնյակ ձայնասկավառակները: Այս շարքում Դմիտրի Խվորոստովսկու հետ իրականացված «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները ներկայացվել են բազմաթիվ շրջագայությունների ժամանակ և կենդանի հեռարձակմամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։
Որպես պրոդյուսեր, Օրբելյանի առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», որը նկարահանվել է Պետերբուրգի պատմա-մշակութային վայրերում և ներկայացնում է Ռենե Ֆլեմինգին և Դմիտրի Խվորոստովսկուն։
«Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» և նշել, որ վոկալ երկացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»։
2001 թ. Կ. Օրբելյանին շնորհվել է Էլիս Այլենդի Պատվո մեդալը, որոին արժանանում են ԱՄՆ-ում բացառիկ ներդրում ունեցած ներգաղթյալները կամ նրանց զավակները։
2003 թ. Կ. Օրբելյանը պարգևատրվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը մինչ այդ երբևէ չէր շնորհվել Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող որևէ օտարերկրացու։
2012 թ. պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուսական մշակույթը երկրից դուրս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ներդրման համար։
2015 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
2014 թ. թողարկված ձայնասկավառակը՝ Ռոսինիի օպերաների արիաները՝ տենոր Լոուրենս Բրանուլիի ու Կ. Օրբելյանի ղեկավարած Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դարձել է «Գրեմմիի» նոմինանտ՝ «լավագույն դասական ալբոմ» անվանակարգում: