07/06/2016 09:48
Մանվել Բադեյանի դեսպան նշանակվելը մտահոգել է ՀՀԿ-ին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ Հանրապետական խմբակցությունում որոշակի մտահոգություն կա՝ պայմանավորված սույն խմբակցության արդեն նախկին պատգամավոր Մանվել Բադեյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հանգամանքով:
Բանն այն է, որ նրա տեղը մնալու է թափուր՝ այդպիսով ՀՀԿ-ն կորցնելու է մեկ տեղ և մեկ ձայն: Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն թեև ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, բայց երբեմն օրենքներն անցկացնելու խնդիր է ունենում: Նման դեպքերում պատգամավորները քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն, որպեսզի կարողանան անցկացնել ինչ-որ օրենքներ: Իսկ առաջիկայում սպասվում են մեկ տասնյակի չափ խիստ կարևոր օրենքների՝ նոր Սահմանադրության պահանջով կատարվող փոփոխությունները: Եվ անգամ այդ մի ձայնը կարող է խնդիր առաջացնել: Իսկ ԱԺ-ում քվեարկություն ապահովելու բեռը դրված է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի վրա:
Վերջինս թերթի հետ զրույցում հերքել է, որ իրենք կարող են նման խնդիր ունենալ: «Ինձ թվում է, մենք նման խնդիր չունենք: Նույնիսկ 5-6 բացակայություններ ունենալու դեպքում մենք նման խնդիր չունենք: Ես հայտարարել եմ, որ նման արջի ծառայություններ մեզ պետք չեն: Եվ ես խիստ դատապարտել եմ դրանք, մենք դրա կարիքը չունենք», - ասել է Վահրամ Բաղդասարյանը: