07/06/2016 09:30
Սամվել Բաբայանին չի հաջողվում ընդունելություն ստանալ Հայաստանի ու Ղարաբաղի նախագահներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը միջնորդների միջոցով արդեն մեկ ամսից ավելի է՝ տարբեր ձևաչափերով բանակցում է Հայաստանի և Արցախի իշխանությունների ղեկավարության հետ։ Նրա նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ընդունեն իրեն, լսեն մտահոգություններն ու մասնագիտական խորհուրդները։ Սակայն առայժմ չի ստացվել։
«Այս փաստը «կամանդուշչիի» շրջապատի շատ ներկայացուցիչների խիստ բարկացրել է, քանի որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց առաջ նրան հավաստիացրել են, որ քառօրյա պատերազմը քաղաքական դաշտի բազմաթիվ հակասությունների հարթման առիթ է դարձել, և Բաբայանն այդ իմաստով չի կարող խնդիր ունենալ։ Ավելին՝ Բաբայանին հավաստիացրել են նաև, որ Հայաստան վերադառնալուց հետո ընդունելության արժանանալու խնդիրը մեխանիկորեն կլուծվի։ Սակայն հիմա պարզվել է, որ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը չի ցանկանում նրա հետ որևէ առնչություն ունենալ։ Լավագույն դեպքում կարող են չխանգարել։ Սակայն Արցախում Բաբայանի թիվ մեկ կողմնակից Հայկ Խանումյանի ծեծը կարծես թե այդ խոստումն էլ է ի դերև հանում», -հավելել է թերթը: