07/06/2016 11:53
ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ
2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում առ այն, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին, հայտնում է ԼՂՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը:
Նշվում է, որ հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձևավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարևոր գործերով քննության բաժնի և նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: