07/06/2016 18:21
Իգոր Պոպով. Ղարաբաղցիները, հնարավոր է, վերադառնան բանակցային գործընթացին շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո
Լեռնային Ղարաբաղը, որոշակի ժամանակահատվածում, հնարավոր է, վերադառնա բանակցությունների սեղանին, ինչը կարող է լինել հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Իսկապես, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ֆորմալ առումով չեն մասնակցում: Սակայն այս թեմային մեծ ուշադրություն է դարձվում համանախագահների հանդիպումների ժամանակ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում», - «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Ի.Պոպովը:
Վերջինս ընդգծել է, որ որոշակի ժամանակահատվածում, օրինակ՝ շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, հնարավորություն կնախատեսվի, որ ղարաբաղցիները կարողանան վերադառնալ բանակցային գործընթացին:
Հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում համանախագահների թվի ավելացմանը, այդ թվում Գերմանիայի հաշվին, Պոպովը պատասխանել է, որ «այդ թեման ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում հայտվում է և ակտիվորեն քննարկվում է»:
«Սակայն բանակցությունների ընթացքում այդ հարցը առաջ չի քաշվել: Ի վերջո խնդրի կարգավորումը կապված չէ համանախագահների թվից, այլ՝ կողմերի պատրաստակամությունից՝ փոխզիջումների գնալ», - ընդգծել է ռուս համանախագահը:
«Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այն, ինչպես ԵԱՀԿ նախագահող երկիր և Մինսկի խմբի անդամ, ակտիվ աշխատում է ղարաբաղյան խնդրի շուրջ և ուղիղ մասնակցություն ունի Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման հարցում, որոնք ուղղված են վստահության մեխանիզմերի ձևավորմանը», - հայտարարել է Իգոր Պոպովը: