07/06/2016 17:55
ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը տեսնում է Ղարաբաղյան հարցում շրջանակային համաձայնության հասնելու հավանականությունը
Հավանականություն կա, որ առաջիկայում Ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր կլինի հասնել շրջանակային համաձայնության, որը հետագայում կվերափոխվի իրավաբանորեն պարտադրող փաստաթղթի, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Հարցին՝ որքանո՞վ է հավանական Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը տեղափոխել նախագահականից՝ պարբերական, փորձագիտական մակարդակի, Իգոր Պոպովը պատասխանել է. «Փորձագիտական մակարդակին տեղափոխվելը կախված է տարաձայնությունները հաղթահարելու կողմերի պատրաստակամությունից: Դրանից հետո հնարավոր կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին, այդ թվում՝ այդ շրջանակային համաձայնությունը իրավաբանական փաստաթղթի վերածելու համար»:
Ի.Պոպովը, ընդգծեց՝ «նման հեռանկարներ կան»:
Նա նշել է, որ մայիսին՝ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «պայմանավորվել են սկզբունքային հարցերի վերաբերյալ բանակցային գործընթացի վերսկսման շուրջ»: «Հույս ունեմ, որ կլինի կառուցողական մոտեցում», - ընդգծել է դիվանագետը:
Ի.Պոպովը հայտնել է, որ հիմա ԵԱՀԿ մասնագետները վերջնական տեսքի են բերում այս մեխանիզմը:
«Անցյալ շաբաթ ես և համանախագահ գործընկերներս Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին ենք փոխանցել փորձագիտական աշխատանքները, սպասում ենք կողմերի եզրակացությունենրին», - նշել է նա:
Նա նաև հիշեցրել է, որ Վիեննայի հանդիպման ժամանակ կողմերը հաստատել են խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունն ու կրակի դադարեցման անհրաժեշտությունը:
«ԵԱՀԿ դիտորդների կողմից ստացվող տեղեկատվության համաձայն՝ այս պայմանավորվածությունը լիովին պահպանվում է: Հատկապես, եթե համեմատենք այսօրվա իրավիճակն ապրիլի սկզբին եղածի հետ», - ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը: