07/06/2016 21:23
Բակո Սահակյան. Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպը հարված է ԼՂՀ պետականությանն ու ժողովրդավարությանը
Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը անընդունելի է համարել:
"Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին", - ասված է ԼՂՀ նախագահի հայտարարության մեջ:
"Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, եւ վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար", - նշել է Բ.Սահակյանը:
Նա կոչ է արել զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները:
"Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը: Ես նաեւ մշտական կապ եմ պահպանում ԼՂՀ առողջապահության նախարարի հետ, ինձ պարբերաբար տեղեկություններ են հաղորդվում պարոն Խանումյանի առողջական վիճակի վերաբերյալ: Հայկ Խանումյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում", - ասված է հայտարարության մեջ: