07/06/2016 09:58
Երևանի կրկեսը եվրոպական տարածաշրջանում կլինի միակը, որը կունենա ստորգետնյա ավտոկայանատեղի. «Առավոտ»
Երևանի կրկեսը, որի շինարարության ավարտի ժամկետն արդեն 3-րդ անգամ է երկարաձգվում, պատրաստ կլինի 2017-ի վերջին: Համենայնդեպս, այդ ժամկետն է նշել «Տաշիր գրուպ»-ը որը կրկեսի սեփականատերն է:
«Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ վերջերս շինհրապարակ է այցելել ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ շինարարության ընթացքին ծանոթանալու: Երեկ էլ մեր կիսակառույց կրկեսը տեսնելու էր եկել ՌԴ ժողովրդական արտիստ, Եկատերինբուրգի կրկեսի տնօրեն Անատոլի Մարչևսկին: Տեսնելով կրկեսի շենքը՝ պարոն Մարչեևսկին Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանին իր զարմանքն է հայտնել, թե՝ այն եվրոպական տարածաշրջանում կլինի միակը, որը կունենա ստորգետնյա ավտոկայանատեղի:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանում գործող 80 կրկեսից և ոչ մեկը նման ավտոկայանատեղի չունի: Կրկեսը կլինի 8 հարկանի, որից 2-ը կծառայի որպես ստորգետնյա ավտոկայանատեղի:
«Երբ կրկեսը վերջանում էր, տեսնում էինք, որ «գային» ավտոմեքենաների համարները հանել է, ստիպված գնում հետ էի բերում: Հիմա էդ խնդիրը չի լինի»,-«Առավոտի» հետ զրույցում ասել է Սոս Պետրոսյանը: