07/06/2016 12:35
Նաիրա Նիազյանի «Arm fashion day-2016»-ի գարնանային ցուցադրությունն ու Արամ Նիկոլյանի հետ համագործակցությունը. Լուսանկարներ
Օրերս Մոսկվայի «Գոլդեն Պալաս» համալիրում տեղի ունեցավ «Arm fashion day-2016»-ի գարնանային ցուցադրությունը, որի շրջանակներում սեփական հավաքածուներով հանդես եկան նաև ութ հայ դիզայներներ: Նրանցից Արամ Նիկոլյանը ներկայացավ «Ուրֆա» և Սիրուշոյի զարդերի «Պրեգոմեշ» հավաքածուներով, Լիլիթ Մելիքյանը՝ «Խաչքարերով» և «Կարպետներով», Անի Մանուկյանը՝ երեկոյան զգեստների շարքով: Հասմիկ Աբրահամյանի հարսանեկան զգեստների հավաքածուն էլ առավել շատ կհետաքրքրի ապագա հարսնացուներին:
«Երեք հայ երիտասարդ դիզայներները՝ Ռոզա Մինասյանը, Տիգրան Վահանյանն ու Մարգարիտա Նանուշյանը Ռուսաստանի տարբեր քաղաքներից են, երկու տասնյակ հայտերից հենց նրանց անուններն են ընտրվել քվեարկության միջոցով: Ի դեպ, Մարգարիտա Նանուշյանի հավաքածուն փորձագետ-ժյուրիի կողմից արժանացել է հատուկ սերտիֆիկատի: Այն կվաճառվի քաղաքի լավագույն մուլտիբրենդերից մեկում: Դեբյուտային մասնակցություն ևս եղավ. Վարդան ներկայացավ լողազգեստների իր առաջին հավաքածուով», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի ղեկավար Նաիրա Նիազյանը:
Միջոցառման երկու ժամերի ընթացքում երաժշտական մասն ապահովել է հայտնի ռուսաստանաբնակ երաժիշտ DJ Գրեգ Ավակը: Ճանաչված հյուրերի շարքում էին Յանա Շևչենկոն, Էմիլ Ավակովը, Ալեքսանդր Պեսկովը, Վլադիմիր Բերյոզինը, Լաուրա Կեոսայանը, Ռոմա Ժուկովը, Աննա Ազերլին, Դեվիդ Խերրիսոնը և այլոք:
«Մեր նպատակն է մշակութային երկխոսություն հաստատել Հայաստանի և Ռուսաստանի դիզայներների և արվեստի այլ ներկայացուցիչների միջև, ինչպես նաև հայ ազգի դիզայներներին դուրս բերել ռուսաստանյան շուկա», - ընգծեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ժյուրիի կազմում էին ընդգրկված հայտնի ֆեշն փորձագետ և դիզայներ Արմեն Երիցյանը, ոճաբան Եսայի Սիմիկյանը, կոշիկի և աքսեսուարների դիզայներ Տիգրան Ալբերտին:
«Arm fashion day»-ին մասնակցելու ցանկություն են հայտնում տարբեր երկրներից, և ոչ միայն հայեր: Արդյունքում, նախագիծը կներկայանա նոր՝ միջազգային ֆորմատով:
«Փակագծերը շատ չեմ բացի, բայց կնշեմ, որ գեղեցիկ անակնկալներ են սպասվում: Աշնանային ցուցադրության ընթացքում էլ Հայաստանից մասնակցության ցանկություն են հայտնել մի շարք հայտնի անուններ: Թե ովքեր՝ առաջիկայում կիմանաք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նաիրա Նիազյանը: