08/06/2016 15:40
Սերժ Սարգսյան. Հույս ունեմ, որ Ալիևի պահվածքը միտված չէ պայմանավորվածությունները վիժեցնելուն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ ադեկվատ պահվածքի կապակցությամբ:
«Պարոն Զեմանի հետ զրույցի ընթացքում ես, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում, կարծես, չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության ընկալում ձևավորեց», - ասաց Սերժ Սարգսյանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա հույս հայտնեց, որ այս պահվածքը ժամանակավոր է ու միտում չունի չեզոքացնել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է, և սա արագ կանցնի, քանի որ լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք մենք առաջիկայի համար: Հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ», - հայտնեց նա:
ՀՀ նախագահը նաև նշեց, որ Միլոշ Զեմանի հետ երկուստեք կարևորել են Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների անշեղ իրականացումը:
Իր հերթին Մ. Զեմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների համար առաջարկել է օգտագործել նաև Պրահայի հնարավորությունները: