08/06/2016 19:55
Նորից կլինեն ծնունդներ ու նորից կունենանք հերոսներ, որոնց միշտ պարտավոր ենք հիշել ու մեծարել. Ռաֆայել Երանոսյանը «Ճերմակ արագիլներ» ներկայացման մասին
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա բնութագրվող պատերազմը անտարբեր չթողեց և ոչ մեկին: Մշակութային կյանքում այն ևս իր ձեռագիրը թողեց. Երևանի պետական կամերային թատրոնում մայիսի 25-ին կայացավ «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրեմիերան՝ նվիրված այս գործողությունների ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:
Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Արա Երնջակյանն է, դերերում են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը և Մխիթար Ավետիսյանը։
«Բոլորս ներկայացնում ենք հայ մի տղայի, ով խոսում է թեև իր անունից, բայց ամբողջ հայ ժողովրդի՝ 10 միլիոն հայերի սրտից: Ներկայացման մեջ բարձրաձայնում ենք մեր քառօրյա պատերազմի նահատակների անունները, խոսում ենք նրանց մասին, այդ օրերի մասին: Սա այն ներկայացումն է, որից սիրտ ունեցող ցանկացած մարդ չի կարող չհուզվել, ներկայացման ընթացքում նույնիսկ մենք՝ դերասաններս ենք լարվում: Չէ՞ որ խոսում ենք մի բանի մասին, որը ցավ է պատճառել բոլորին: Տալով այդ տղաների անուններն ու նայելով նրանց լուսանկարներին՝ պետք է քարսիրտ լինես, որ մարսես: Չեմ ժխտի, բարդ ներկայացում է, քանի որ մեկ ժամ 15-20 րոպե խոսում ես մեր իրականության մեջ տեղի ունեցող խնդրի մասին, որին համակերպվել ենք, բայց պետք է ելք գտնենք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռաֆայել Երանոսյանը:
Դերասանն ընդգծեց, որ Կամերային թատրոնը բացման օրվանից անդրադարձել է երկրում կատարվող լավ ու վատ իրադարձություններին, այս անգամ էլ, բնական էր՝ ձեռնպահ չէր մնալու: Թեման նուրբ էր, հանդիսատեսի արձագանքն էլ՝ համապատասխան: «Պիեսը գրվել ու բեմադրվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում և արդեն մեր խաղացանկի հիմնական մասն է կազմում: Մինչ այս մեր թատրոնում ներկայացումները բարձր տրամադրությամբ են ուղեկցվել, այս բեմադրության դեպքում ամեն ինչ այլ է. ներկայացման հենց ամենասկզբից լսվում էր «քիթը վերքաշելու» ձայնն ու արատասուքների սրբելը: Ավարտին հանդիսատեսը մոտ 10 րոպե հոտնկայս ծափահարում է: Ինձ թույլ կտամ եզրակացնել՝ ներկայացումը ստացված է», - նշեց նա:
Նկատառմանը, որ հեռուստադիտողը Ռ. Երանոսյանին առավել հաճխ հանդիպում է կատակերգական կերպարներում, ու այս տեսանկյունից ընկալվելը կարող էր առավել բարդ լինել՝ պատասխանեց. «Էկրանն ուրիշ է, բայց ես թատրոնում արդեն շատ վաղուց կատակերգական ժանրում հանդես չեմ գալիս, խորը-հոգեբանական դերեր եմ ստանձնում: Կոնկրետ այս ներկայացման մեջ այնքան էլ կարևոր չէ, թե որ ժանրի դերասան ես: Ի վերջո, լավ դերասանը պետք է կարողանա ցանկացած ժանրում դրսևորվել, հենց դրանում է դերասանի առաքելությունն ու վարպետությունը»:
«Ճերմակ արագիլները» կթևածեն ոչ միայն երևանից, այլև՝ Հայաստանից դուրս: «Երբ դեռ փորձերն էինք անում, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պետք է մեկնենք Փարիզ, նաև՝ արցախյան մի քանի զորամասերում կլինենք: Հուսով եմ՝ Հայաստանի մարզերում էլ կշրջենք:
Ի դեպ, Ռաֆայել Երանոսյանը ընդգրկված է նաև Նարեկ Դուրյանի նոր՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ, որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ՝ հունիսի 7-ին: Հարցին, թե արդյոք երկու տարբեր թատրոնների ներկայացումներում զբաղվածությունն ու հյուրախաղերը չեն խանգարի միմյանց՝ պատասխանեց. «Ես սիրում եմ աշխատել լավ ու տաղանդավոր մարդկանց հետ, նաև՝ սիրում եմ զբաղված լինել, չեմ կարող անգործ նստել: Կարծում եմ, եթե 10-15 օրով մեկնենք, Նարեկ Դուրյանը կընդառաջի և այդ ընթացքում ներկայացումը չի բարձրանա բեմ»:
Անդրադառնալով ներկայացման «Ճերմակ արագիլներ» վերնագրին՝ մեր զրուցակիցը մանրամասնեց. «Բոլորս էլ գիտենք այն խոսքը, թե արագիլն է բերում ձագուկներին՝ երեխաներին: Եթե գարուն է, արագիլները եկել են, ապա անպայման ծնունդ կլինի: Քանի որ ապրիլ ամիսը մեզ համար այլ հուն ստացավ՝ հորդորում ենք չհուսահատվել, ներկայացման վերջում էլ ասում ենք. «Եթե հեռու հեռվից տեսնեք, որ բարձր, բարդու գագաթին ճերմակ արագիլն իր բույնն է հյուսում՝ չխնգարեք. նա վերադարձել է իր բույնն ու սպասում է իր ճերմակ ձագուկներին»… Կյանքը շարունակվում է, մենք խոնարհվում ենք բոլոր զոհերի առջև, բայց ոչինչ այլևս ետ բերել չենք կարող: Նորից կլինեն ծնունդներ ու նորից կունենանք հերոսներ, որոնց միշտ պարտավոր ենք հիշել ու մեծարել», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռաֆայել Երանոսյանը:
Տեղեկացնենք, որ ներկայացումից առաջացած հասույթը տրամադրվելու է ապրիլի սկզբին զոհված տղաների ընտանիքներին: