09/06/2016 16:34
Երևանը դեռ չի մեկնաբանում ԼՂ հարցով Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությունը
Պաշտոնական Երևանը չի մեկնաբանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին տեղեկությունը:
«Բարձրաստիճան հանդիպումների և այցերի մասին հայտնում ենք պատշաճ ժամկետներում», - Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեց տարածված տեղեկությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկել են ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոն Ռիպերին, փոխանցում է կայքը:
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեի խնդրանքով:
«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության հարցով եռակողմ գագաթաժողով նախապատրաստելու հարցը», - տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Հունիսի 8-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ակնարկել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը կարող է տեղի ունենա «օրեր անց»:
Ս.Սարգսյանը, մասնավորապես, նշել էր, որ Մ.Զեմանին տեղեկացրել է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին:
«Միաժամանակ, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ», - հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: