09/06/2016 18:47
Հայ ռեժիսորները համախմբվել են մեկ ֆիլմի շուրջ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին. Մանրամասներ՝ նախագծի պրոդյուսերից
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պատվերով հայ ռեժիսորները ձեռնամուխ են եղել թեմատիկ ֆիլմի ստեղծմանը: Ֆիլմ-նախագիծը կազմված է մի քանի կարճամետրաժ ֆիլմից, որի նախատիպը ժամանակին ունեցել ենք «Շարմ» ընկերության նկարահանած «Տաքսի էլի լավա» գեղարվեստական ֆիլմի տեսքով:
«Այս ֆիլմը նվիրվելու է մեր Հանրապետության 25-ամյակին: Ներգրավված է մի քանի ռեժիսոր, որոնց նկարած պատմություններն անմիջական կապ ունեն այս 25 տարվա ժամանակաշրջանի հետ: Թեման ամբողջովին առնչվում է անկախության ու պետականության հետ, տարբեր պատմություններն են, բայց մեկ ժամանակահատված ու մեկ նպատակ»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանը:
Նախագծում ներգրավված ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Արկա Մանուկյանը, Արշալույս Հարությունյանը, Արեն Մալաքյանը, Էդգար Բաղդասարյանը, Ռոման Մուշեղյանը, Արամ Շահբազյանը:
Թե ինչո՞վ է պայմանավորված հենց այս 7 ռեժիսորի ընտրությունը հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հավատացեք, խտրականություն չի դրվել, գրեթե բոլոր հայ ռեժիսորներին էլ առաջարկվել է ներգրավվել այս նախագծում, ներկայացնել պատմություններ այս ձևաչափի ու թեմայի մեջ: Ուշադրություն է դարձվել, թե այս կամ այն պատմությունը որ ռեժիսորն առավել ճիշտ կներկայացնի, կնկարի: Եղել են ռեժիսորներ, որոնց ներկայացրած պատմություններն ուղղակի համահունչ չեն եղել մեր ընտրած թեմային, ոմանք էլ ժամանակի խնդիր են ունեցել»:
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն առաջինն է նկարահանել, նրա «Հայրը» ֆիլմը գրեթե պատրաստ է: Մյուս ռեժիսորների աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախագիծն ավարտին կհասցվի աշնանը, քանզի պրեմիերան նախատեսվում է հենց այդ ժամանակ:
«Քանի որ այս պահին նկարահանումներն ամբողջովին ավարտված չեն, չեմ կարող նշել, թե որ ռեժիսորը ինչ ֆիլմ է նկարահանել: Վերնագրերն էլ դեռևս աշխատանքային են: Ֆիլմն, իհարկե, մեկ ընդհանուր վերնագիր էլ կունենա, որի մասին խոսելը ևս շուտ է»,-ընդգծեց պրոդյուսերը:
Կարճամետրաժ ֆիլմերից յուրաքանչյուրը երաժշտական ձևավորում կունենա, սակայն ընդհանուր ֆիլմը կունենա մեկ երաժշտություն և մեկ երաժշտական պրոդյուսեր, ում մասին Արման Միտոյանը փակագծերը բացել դեռ չցանկացավ: