10/06/2016 20:07
Քննարկվել են Բելգիայի Մեխելեն քաղաքի և Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք: Ինչպես փոխանցում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ նախագահը հանդիպել է քաղաքապետ Բարտ Զոմերսի, փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսի և մի շարք պաշտոնյաների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեխելենի և Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Սահակյանը նշել է, որ արցախյան և տարբեր երկրների քաղաքների ու շրջանների միջև կապերի հաստատումն ու զարգացումը հանդիսանում է երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններից մեկը, հատկապես՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում:
Նախագահի պատվին Մեխելենի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին նաև մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նույն օրը նախագահն այցելել է Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան և ծաղկեպսակ դրել այնտեղ:
Բակո Սահակյանը կարևորել է նման հուշարձանների առկայությունը տարբեր երկրներում՝ նշելով դրանց դերակատարությունը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու տեսանկյուններից: