10/06/2016 15:33
Սերգեյ Մինասյան. Պետերբուրգում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կլինի Վիեննայի հանդիպման շարունակությունը
Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումն, ըստ ամենայնի, Վիեննայի հանդիպման շարունակությունը կլինի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը.
«Մեկ ամիս է անցել ու չեմ կարծում, որ ունենք վստահության լուրջ երաշխիքներ, որը կարող է լիովին բացառել մարտական գործողությունների վերսկսումն ու կողմերին բերել քաղաքական ոոշումների: Կարծում եմ Սանկտ-Պետերբուրգում կլինի Վիեննայի հանդիպման շարունակությունը», - ասաց Սերգեյ Մինասյանը:
Նա ընդգծեց՝ կողմերը դեռևս պատրաստ չեն փոխզիջումների:
«Կարծում եմ և′ Հայաստանում, և′ Ադրբեջանում և′, առավել ևս, Լեռնային Ղարաբաղում դիրքորոշումներն էլ ավելի են կոշտացել: Կողմերը պատրաստ չեն լուրջ զիջումների: Նաև իրատեսական եմ համարում, որ Ադրբեջանը կփորձի խոսակցությունը տանել այլ ուղղությամբ, ինչ-որ կերպ այս ռազմական գործողությունների գործոնն իրագործել որպես ճնշման մեխանիզմ: Հուսով եմ՝ դա չի հաջողվի, քանի որ այդ դեպքում շատ ավելի վտանգավոր զարգացումներ կունենանք», - ասաց Սերգեյ Մինասյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում է սպասվում հունիսի վերջին:
«Չնայած, որ այս պահին հանդիպման վերաբերյալ մանրամասների չենք տիրապետում, բայց կարող ենք հաստատել, որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին», - Ջ.Ուորլիքի խոսքերը մեջեբերել է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը: