10/06/2016 16:56
Առանձնահատուկ պատճառ չկար, որ այս արարողությունը ձգձգվում էր. «Ֆուլ Հաուսի» Ռուբենն ու կինն ամրագրեցին իրենց միությունը
Դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը, ով «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորում է Ռուբենին, 5 տարվա ամուսնական կյանքից հետո միությունը որոշել է ամրագրել նաև փաստաթղթերով: 2011 թվականի հոկտեմբերի 23-ին ամուսնացած դերասանն ու կինը՝ լրագրող Սյունե Համբարձումյանը, Էջմիածնի «ԶԱԳՍ»-ում ժամեր առաջ ևս մեկ անգամ հավատարմության երդում տվեցին: Aysor.am-ը շնորհավորելով ամուսիններին՝ հետաքրքրվեց օրվա մանրամասներից:
«Առանձնահատուկ պատճառ չկար, որ այս արարողությունը ձգձգվում էր, ուղղակի ժամանակ չէինք ունենում հայտ ներկայացնելու, քանի որ երկուսս էլ անընդհատ աշխատանքի մեջ էինք: Մի օր որոշեցինք ու դիմեցինք, և այսօր արդեն պաշտոնական ամուսիններ ենք», - մեզ հետ զրույցում նշեց դերասանը:
Արդյոք փաստաթուղթը հասցրել է փոփոխություններ մտցնել հարաբերությունների մեջ՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծես թե միմյանց նկատմամբ մեր պատասխանատվությունն առավել մեծացավ: Բայց նկատելի ոչինչ չի փոխվել, ուղղակի մենք էլ ցանկացանք մեր արխիվում այս թուղթն ունենալ»:
Ամուսիններին առաջինը շնորհավորել են հարազատները, ովքեր զույգին մենակ չեն թողել նույնիսկ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատասենյակում: «Մեր կողքին են եղել մայրս, եղբայրս՝ ընտանիքի հետ, կնոջս մայրը, քույրը, մեր քավորն ու քավորի կինը: Առաջին շնորհավորողներն էլ հենց նրանք են եղել», - ընդգծեց նա:
Երիտասարդ ամուսիններն այս օրը ստիպված են անցկացնել աշխատավայրում, սակայն ընկերների հետ հավաքույթը առջևում է: «Ճիշտն ասած՝ «ԶԱԳՍ»-ից դուրս ենք եկել ու գնացել աշխատանքի, բայց մոտակա օրերին ընկերների հետ անպայման փոքրիկ միջոցառում կկազմակերպենք», - վստահեցրեց նա:
Հունիսի 10-ը պատահական ընտրված օր է, այն չի համընկնում ոչ նրանց ծննդյան տարեդարձերի, ոչ էլ պսակադրության օրվա հետ: Գ. Սեփխանյանը նաև անակնկալ նվեր է պատրաստել կնոջ համար, որի մասին բարձրաձայնել չցանկացավ. «Դե նոր պետք է նվիրեմ, եթե հիմա ասեմ՝ անակնկալս կփչանա»:
Բոլոր ընտանիքներին, իր ընտանիքին՝ մասնավորապես դերասանը մաղթեց երջանկություն ու սեր. «Թող միմյանց փոխզիջող լինեն, շատ սիրեն ու սիրվեն, մնացած ամեն բան անցողիկ է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: