11/06/2016 16:04
Էմիլ Գալստյանն՝ իր նոր կերպարի քննադատությունների մասին
ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարե դարդ» սիթքոմում նկատելի փոփոխություն է եղել. սիրված կերպարներից Գոգոն, ում մարմնավորում էր «Վիտամինցի» Արմուշը, բացակայում է սիթքոմից, փոխարենը Գոգոյի եղբայրը՝ Սոսոն է հատնվել, ում կերպարանավորել է Էմիլ Գալստյանը:
Նոր կերպարն այնքան էլ միանշանակ չընդունվեց, հայտնվեցին մարդիկ, ովքեր պահանջում են «ետ վերադարձնել» Արմուշին, քանի որ նրա դերասանական խաղն առավել են հավանում: «Բանակում» սերիալում Համբարձումի կերպարով այդքան սիրվելով հանդերձ՝ սպասո՞ւմ էր Էմիլ Գալստյանը նման արձագանքի, թե ոչ, ճշտեցինք հենց նրանից:
«Նախ նկատեմ, որ կերպարի չսիրվելու մասին խոսք չի եղել: Պարզապես անհերքելի փաստ է, որ մեր ժողովուրդը սևեռվում է հնի վրա: Այս սիթքոմում իմ կերպարն ի սկզբանե որպես Արմուշի կերպարի եղբայր է կառուցվել, որպեսզի փոխարինի նրա կերպարի բացակայությանը սիթքոմում: Իմ խաղով նույնիսկ ակնհայտ ցույց եմ տալիս, որ նմանություն ունենք: Նման խնդիր կար, քանի որ Արմուշն էլ իր կերպարը շատ հետաքրքիր ու լավ էր կառուցել: Սակայն պրոֆեսիոնալ աչքից չի կարող վրիպել այն, որ այս երկու հերոսները տարբեր են»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Է. Գալստյանը:
Դերասանը մինչ այսօր դրական արձագանքներ է ստացել, գոհ է իր խաղից ու աշխատանքից: «Վստահ կարող եմ ասել, որ կերպարս ստացվել է: Արմուշն այժմ երկրից դուրս է գտնվում, եթե վերադառնար, շատ հետաքրքիր դուետ կկազմեինք»,-ընդգծեց նա:
Հարցին, թե մինչ նկարահանվելը հետևել է սիթքոմին ու ի՞նչ կարծիք ունի վերջինիս մասին, պատասխանեց. «Եթե անկեղծ, այս պահին նկարահանումն ինձ համար զուտ աշխատանք է: Աշխատելով բարձր ռեյտինգային սիթքոմում՝ դժգոհ չեմ՝ անկախ թերություններից և առավելություններից»: