11/06/2016 16:25
Նոր երգ-մեսիջ՝ բոլոր զավակներին. Գուցե գա մի օր, երբ այլևս շատ ուշ կլինի
Յուրաքանչյուր ստեղծագործություն՝ լինի թատերական, թե երաժշտական, իր մեջ պետք է ունենա կարևոր մի հաղորդագրություն տեղ հասցնելու առաքելություն: Հավանաբար, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով՝ օրեր անց հաղորդավար-երգիչ Վարդան Բարսեղյանը հանրությանը կներկայացնի իր առաջին տեսահոլովակը:
«Սա իմ առաջին աշխատանքն է և ոչ թե կոմերցիոն բնույթ ունի, այլ հոգու ցանկություն է: Դանդաղ, մեղեդային երգ է, կոչվում է «Մայրիկ»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Խոսքերի հեղինակը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է, ով, ի դեպ, բոլորովին վերջերս մայրիկի կարգավիճակ ձեռք բերեց, երաժշտությունն ու գործիքավորումը պատկանում է Վահե Ալեքսանյանին: Վերջինս նաև տեսահոլովակի ռեժիսորն է: Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել են ճանաչված ու սիրված դերասաններ ու երգիչներ՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Մկրտչյան, Նուշիկ Մարգարյան, Գրիգոր Սուքիասյանը որդու՝ Գևորգ Սուքիասյանի հետ, Անահիտ Մութաֆյան, Ալլա Նավասարդյան, Արամ Ավետիսյան:
«Գայանե Մկրտչյանը, Ալլա Նավասարդյանը, Նուշիկ Մարգարյանն ու Անահիտ Մութաֆյանը տեսահոլովակում մարմնավորում են մայրերի: Այս աշխատանքի միջոցով մենք մեր խոսքն ենք ուղղում այն զավակներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով լքել են իրենց ծնողներին: Հուշում ենք՝ այն, ինչ պետք է անեն, թող անեն ժամանակին: Գուցե գա մի օր, երբ այլևս շատ ուշ կլինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Տեսահոլովակի նկարահանումներն անցել են Կոտայքի մարզում: «Նկարահանման ընթացքում այնքան ջերմ մթնոլորտ էր, որ անկախ մեզանից՝ հարազատներ դարձանք, մտերմացանք ստեղծագործական խմբով»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վարդան Բարսեղյանը: