13/06/2016 13:43
Կյանքից հեռացել է Օֆելյա Համբարձումյանը
Ժամեր առաջ 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը:
Երգչուհին, սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք ապրելով այստեղ, մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանիգլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։
Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի,Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար։
Aysor.am-ը ցավակցում է Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամներին և նրա արվեստի հետևորդներին: Վառ մի գույն պակասեց հայկական ժողովրդական երաժշտական գունապնակում: