13/06/2016 19:03
Ղարաբաղյան կողմը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Ադրբեջանին տրամադրել ջրային պաշարներ. Բաբայան
Ղարաբաղյան կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանին պատրաստ է տրամադրել ջրային պաշարներ՝ որպես քայլ փոխշահավետ տնտեսական վստահության համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Սպիտակ տան կայքում ադրբեջանական լոբբիստական խմբերի կողմից նախաձեռնված խնդրագրի պատասխանը:
Ադրբեջանական խումբը խնդրագիր էր ներկայացրել՝ հղում անելով ԵԽԽՎ-ի 2085 բանաձևին, ըստ որի Սարսանգի ջրամբարի «օկուպացիան», կարող է բերել հումանիտար աղետի: Սրան ի պատասխան Սպիտակ տունը կոչ է արել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել:
Դավիթ Բաբայանը հայտնեց, որ Սարսանգի ջրամբարի հետ կապված ադրբեջանական կողմը միշտ տապալում է ցանկացած ողջամիտ մոտեցում:
«Ադրբեջանը շահագրգռված չէ Սարսանգի ջրային պաշարներով, թեպետ պարզ է, որ Արցախի սահմանամերձ ցանքատարածքները տուժում են: Նրանք ամեն ինչ տեսնում են քաղաքական և ֆինանսական տեսանկյունից: Չեն ուզում Արցախի հետ հարաբերվել, քանի որ սա դիտում են՝ որպես ճանաչում, իսկ ֆինանսական տեսանկյունից ասում են, որ ինչքան էլ այդտեղից եկամուտ ստանան, դա կկազմի իրենց նավթային պաշարների շատ չնչին տոկոսը», - ասաց Դ.Բաբայանը:
Վերջինս նշեց, որ այսկերպ ադրբեջանցիները ցույց են տալիս, թե իբր տուժող կողմ են և իբր Արցախը իրենց նկատմամբ ինչ որ ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում:
«Ադրբեջանական կողմը պատրաստ չէ նույնիսկ այս հարցում փոխշահավետ համագործակցության: Ադրբեջանը չպետք է այդ հարցը քաքականացնի, այն պետք է դիտարկի մարդասիրական տեսանկյունից: Պատասխանը դա է ցույց տալիս, որ այդ հարցը պետք է դիտարկել մարդասիարկան տեսանկյունից և չքաղաքականացնել», - ասաց Դ.Բաբայանը:
Վերջինս շեշտեց, որ Սարսանգի ջրամբարը Արցախի Հանրապետության սեփականությունն է և «համատեղ կառավարման մասին խոսք չի կարող գնալ»:
«Լոբբիստական խումբը պարզապես պատվեր է կատարել: Մենք նրանց հետ խնդիր չունենք: Իրենք արել են իրենց աշխատաքնը, մենք էլ ասում ենք. սա էլ մեր մոտցումն է», - եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: