13/06/2016 15:34
ԱԺ նախագահ. Մենք կորցրեցինք ժողովրդական այն բացառիկ ձայնը, որը տասնամյակներով հնչում էր Հայաստանում ու նրա սահմաններից անդին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
«Սրտի խոր ցավով տեղեկացա սիրված երգչուհի« ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին:
Մենք կորցրեցինք ժողովրդական այն բացառիկ ձայնը, որը տասնամյակներով հնչում էր Հայաստանում ու նրա սահմաններից անդին, հնչում էր ու հմայում ունկնդրին, հնչում էր ու տարածում հայ երգը և լեզուն:
Օֆելյա Համբարձումյանի ընդգրկուն երգարվեստն ինքնատիպ էր ու յուրահատուկ իր մեղեդայնությամբ և կատարողական տեխնիկայով: Նրա կյանքն ու բազմամյա մշակութային գործունեությունն անբաժանելի էին բեմից, որտեղ նա կարողացավ փայլուն կերպով իրացնել իր բնատուր հարուստ շնորհքն ու բազմապատկել հայ կատարողական արվեստի ավանդույթները:
Օֆելյա Համբարձումյանի ձայնը հնարավոր չէր շփոթել որևէ այլ երգչի ձայնի հետ, ձայն, որ դեռ կշարունակի հնչել նրա արվեստի երկրպագուների և աշակերտների սրտերում:
Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում և վշտակցում եմ տաղանդավոր երգչուհու ընտանիքին, հարազատներին, նրա բարձր արվեստը գնահատողներին»,- ասված է ԱԺ նախագահի ցավակացականում: