13/06/2016 19:44
Օֆելյա Համբարձումյանն անհասանելի գագաթ էր հայ երգարվեստի մեջ, ով մնաց անգերազանցելի. Գագիկ Սուրենյան
Հունիսի 13-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը: Այդ մասին facebook-յան օգտատերերն առաջինը տեղեկացան ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի էջից, ով երգչուհու լավագույն ընկերն ու բարեկամն է:
«Երեկ ինձ զանգահարել էր, բավական երկար զրուցեցինք, նույնիսկ երգեց: Նա առողջական ոչ մի խնդիր չուներ, նույնիսկ ճնշման հետ խնդիր չուներ, բայց դե տարիքն իրենն արեց: Ինչպես ասում են, մեծությանը վայել մահով գնաց: Սա շատ մեծ կորուստ է ամբողջ ազգի համար, որովհետև նա անհասանելի գագաթ էր հայ երգարվեստի մեջ, ով մնաց անգերազանցելի: Նրա տաղանդը բնատուր էր, Աստվածատուր, իր կատարողականին երբեք ու ոչ-ոք չի կարող հասնել: Համբարձումյանական ոճ ստեղծեց: Հայ ժողովրդական երգը տարավ դեպի դասական, մաքրեց այդ կլկլոցներից, գեղջկական նոտաներից, ինչը շատերին չէր հաջողվել: Երբ Շերամ էր երգում, չէի տարբերում՝ դասակա՞ն, թե աշուղական է: Երգեր կան՝ «Սիրեցի, յարս տարան», «Սև, մութ ամպեր», որ կարծես հատուկ գրված են միայն նրա համար: Նույնիսկ Իսահակյանը, երբ 12-13 տարեկանում լսել է «Սիրեցի, յարս տարան» երգը, ասել է. «Աղջնակ, դու մի ամբողջ ժողովուրդ կտանես քո ետևից»… Այդպես էլ եղավ»,-Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով նշեց Գագիկ Սուրենյանը:
Օթերևութաբանն ու ՀՀ ժողովրդական արտիստուհին վերջին անգամ հանդիպել ու զրուցել էին օրեր առաջ: «Մենք հաճախ էինք հանդիպում, շատ մոտ ընկերներ էինք, հարազատներ, մոր և որդու հարաբերություններ ունեինք»,-ընդգծեց նա:
Երգչուհու որդու ընտանիքն այստեղ է՝ նրա կողքին, դուստրը՝ ջազ-երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը, Նյու Յորքում է ապրում, բայց շուտով կժամանի Հայաստան՝ ներկա գտնվելու մայրիկի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանն ու լինելու ընտանիքի կողքին: «Դեռ պաշտոնապես չի հարապարակվել, թե երբ և որտեղ կլինեն արարողությունները, բայց բնական է՝ կառավարական մասշտաբով է լինելու»,- ասաց նա:
Գագիկ Սուրենյանի պրոդյուսերությամբ նկարահանվել ու վերջերս ցուցադրվել է «Օֆելյա» ֆիլմը, որում ամփոփված է երգչուհու ամբողջ կյանքը: Ստեղծագործական կազմը առաջիկայում պատրաստվում է ֆիլմը շրջագայության տանել սփյուռք: