14/06/2016 17:08
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը հնարավոր է կազմակերպվի հունիսի 16-18-ին Սանկտ Պետերբուրգում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ բարձր մակարդակով հերթական հանդիպումը ամենայն հավանականությամբ կկազմակերպվի Սանկտ Պետերբուրգում հունիսի 16-ից 18-ը նախատեսված Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած վերջին հանդիպաման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպումը կազմակերպել հունիսին:
Հունիսի 10-ին Կրեմլը հայտնեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հանդիպումը կարող է կայանալ Սանկ Պետերբուրգում:
«Այդ ուղղությամբ աշխատանքները ընթանում են: Մենք չենք բացառում, որ նման հանդիպումներ տեղի կունենան», - ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Սանկտ Պետերբուրգում՝ առաջիկայում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումը, որի շրջանակում չի բացառվում եռակողմ հանդիպման կազմակերպումը՝ Միջազգային տնտեսական ֆորումն է:
2010 թվականին Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հայաստանը և Ադրբեջանը դեռ չեն հայտնել իրենց մասնակցության մասին պետերբուրգյան 20-րդ Միջազգային տնտեսական ֆորումին, նաև չեն հաստատել Ս.Սարգսյանի և Ի.Ալիևի հանդիպման հնարավորությունը:
Իր մասնակցությունն արդեն իսկ հաստատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, որը հայտարարել է, որ իր այցը նպատակաուղղված է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը, ոչ թե պատժամիջոցների վերանայմանը։