14/06/2016 14:04
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց կամ կարգավորման փորձ այս պահին չկա. Իսկանդարյան
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց կամ կարգավորման փորձ այս պահին չկա, կա Մինսկի ձևաչափի վերակենդանացում՝ որպես քաղաքական անվտանգության երաշխիքներից մեկը, լրագրողների հետ զրույցում ասել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց չէ կամ կարգավորման փորձ, այլ` Մինսկի ձևաչափի վերակենդանացում՝ որպես քաղաքական անվտանգության երաշխիքներից մեկը: Հենց դա են փորձում անել Մինսկի խմբի համանախագահները», - ասել է քաղաքագետը:
Անդրադառնալով խնդրի շուրջ նախատեսված հերթական բարձր մակարդակով հանդիպմանը, որը հնարավոր է լինի այս ամսվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում, Ա.Իսկանդարյանը ասել է, որ չի կարծում` հնարավոր կլինի լուրջ հաջողությունների հասնել հանդիպմանը:
«Սա փորձ է հարաբերությունները պահպանելու, որ մնա այն ֆորմատը, որ կա այդ միջազգային խնդիրը լուծելու համար», - ասել է քաղաքագետը:
Վերջինս նշել է, որ հոռետես է և չի կարծում, թե վերահսկողության մեխանիզմների տեղակայման պայմանավորվածությունը կիրագործվի: