15/06/2016 20:06
Անրի Վերնոյի որդու և հայ ստեղծագործողների «Հավերժություն» ներկայացումը՝ Օպերայի և բալետի թատրոնի բեմում. Մանրամասնում է նախագծի գեղղեկավարը
Հունիսի 28-ին՝ ժամը 19-ին, միայն մեկ անգամ Ալեքանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կբարձրանա ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի և «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար, «Գրիգոր Նարեկացի» շքանշանակիր Արման Ջուլհակյանի համատեղ աշխատանքը՝ «Հավերժությունը», որը ծնունդ է առել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում:
Համագործակցության սկիզբը դրվել է գրեթե 2 տարի առաջ, երբ Մարսելի հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որի նախագահը Պ. Մալաքյանն է, այցելելով Հայաստան, ներկա գտնվեց Նորքի հայորդաց տան կողմից հատուկ այդ նպատակով պատրաստված համերգային ծրագրին:
«Այդ այցից 1-2 ամիս անց Պատրիկ Մալաքյանը նորից Հայաստանում էր: Այս անգամ նա անձամբ եկավ Հայորդաց տուն և ցանկություն հայտնեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ներկայացում պատրաստել, որը Մարսելի Կոնգրեսի պալատի բեմ կբարձրանար ոչ միայն հայ համայնքի, այլև՝ ֆրանսիացիների համար: Հրավիրեցինք Դրամատիկական թատրոնի երկրորդ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանին, ով արդեն 10 տարուց ավելի է, ինչ համագործակցում է Նորքի հայորդաց տան հետ: Սցենարական աշխատանքն ավարտելուց հետո Պ. Մալաքյանը հաստատեց նախագիծն ու սկսվեցին փորձերը»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը:
Մոտ 70 հոգուց բաղկացած ներկայացման մեջ «Նարեկ» պարային դպրոցի սաներից զատ ընդգրկված են նաև Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները՝ Ավետիս Գինոսյանի ղեկավարմամբ, Գայանե Գրիգորյանի ղեկավարած «Հայկազունք» ազգագրական երգի-պարի համույթն ու «Արմեններ» դհոլահարների խումբը՝ Գուրգեն Թամրազյանի գլխավորությամբ: Հրավիրվել է նաև մեներգչուհի Լուիզա Երեմյանը: Փորձավարներն են Մարիաննա Տեր-Ավագյանը, Մելինե Առաքելյանը, Ադելաիդա Ներսիսյանը: Մենապարողներն են Մելինե Առաքելյանն ու Գեորգի Բաբայանը:
Շուրջ 1 ժամ 30 րոպե տևողությամբ ներկայացումն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի անցած ուղին, դժվարություններն ու հաղթական վերելքները: «Բեմադրված է մարդկային ծնունդը, որից հետո ընթացքը շեղվում է դեպի Հայաստան. Նոյի հանգրվանումը Արարատ լեռան վրա, հայերի զարգացումը, շատացումը, քրիստոնեության ընդունումն ու հետքրիստոնեական դժվարությունները: Մեկ տեսարանով ներկայացված են նաև պատերազմները, Ցեղասպանությունն ու արցախյան շարժումը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ներկայացման հանգուցալուծումը հեղինակները գտել են նրանում, թե հայերն այդ ամենի միջից դուրս գալով՝ որքան հավերժ ու հավիտենական են: Հենց այստեղից էլ ծագում է «Հավերժություն» վերնագիրը: Ներկայացումն աննախադեպ է, ժանրային միքսը իր մեջ ներառում է և՛ ազգայինն ու ավանդականը, և՛ մոդեռնը: Պրեմիերան աննախադեպ էր ու դա փաստեցին նաև տեղացիները:
«Մեզ մոտենում էին ու ասում, վերջապես, Հայաստանից, բացի ազգագրական զուռնա-դհոլից, մի նոր բան տեսանք: Սա այն էր, ինչը չէին պատկերացնում ու սպասում: Իհարկե, ես կողմնակից եմ ժողովրդականին ու ազգագրականին, մեր ներկայացման մեջ դրանք ընդգծված են, բայց մեկտեղ՝ պետք է նաև առաջ քայլենք»,-նշեց նա:
Պատրիկ Մալաքյանի հետ 2014-ին ծնված համագործակցությունն այլևս շարունակական կլինի. երկրորդ աշխատանքն արդեն իսկ ընթացքի մեջ է. հոկտեմբերի 29-ին ստեղծագործական նույն խմբով, որին կավելանա նաև «Թումո» կենտոնն՝ իր նոր տեխնոլոգիաներով, Նյու Յորքում հանդես կգան նոր ներկայացմամբ: Նախագծի հեղինակը կրկին Պատրիկ Մալաքյանն է:
«Նոր ներկայացման փակագծերն այժմ չեմ կարող շատ բացել, միայն կասեմ, որ փորձելու ենք ձևավորված՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ բաժանումը կոտրել. ներկայացման ընդհանուր գաղափարը հայն է լինելու, ոչ թե հայաստանցին, ղարաբաղցին կամ սփյուռքահայը»,-Ausor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արման Ջուլհակյանը:
Նախագծի պրոդյուսերն է դերասան, սցենարիստ Արմեն Թադևոսյանը: Նշենք, որ հունիսի 28-ին «Հավերժություն» ներկայացմանը ներկա կգտնվի նաև Պատրիկ Մալաքյանը: